‘Քաղաքապետարանի վարչության պետի եւ ավագանու անդամի բարեկամները «խնդիր» չունեն (Տեսանյութ)’

1324

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արաբկիր համայնքի բնակչուհի Նազիկո Պալյանի սեփական տան անտվանգությանը արդեն երեք տարի է, ինչ վտանգ է սպառնում: Պատճառը տան հիմնական պատի ամբողջությամբ բացակայությունն է, որը առաջացել է հարեւանությամբ գտնվող տունը քանդելու հետեւանքով:

Նախկինում հարեւանությամբ գտնվող տանը բնակող քաղաքացիները հիմնովին քանդել են իրենց սեփական տունը, որի հետ մենք ունեինք ընդհանուր տանիք եւ հիմնական պատ: Ինձ պատճառելով զգալի չափի վնասներ՝ տան տերերը հրաժարվում են փոխհատուցել գումարը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նազիկո Պալյանը:

Նրա խոսքով՝ այժմ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը վերաքննիչ դատարանում վերանայելու պահանջ է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ պատասխանող կողմը՝  Հենրիկ եւ Ծովիկ Մարտիրոսովները հայտարարել են, թե քաղաքապետարանի վարչության պետ Անդրանիկ Քասարյանը իրենց բարեկամն է, իսկ փեսայի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը, ով ավագանու անդամ է: «Իրենց խոսքով՝  իրենք քաղաքապետարանում խնդիր չունեն եւ կարող են անել ամեն ինչ»,- նշեց Նազիկո Պալյանը:

«Երեւանի քաղաքապետը վաղուց է տեղյակ եղել վեճի մասին, իսկ ամենազավեշտալին այն է, որ վերջերս Նազիկո Պալյանը դիմել էր Տարոն Մարգարյանին՝ որպես կողմ ներգրավվելու խնդրանքով, քանի որ պատասխանող կողմը խոչընդոտում էր նիստերի անցկացմանը եւ չէր ներկայանում դատարան, որից հետո գրություն է եկել, որ քաղաքապետարանը կապ չունի այս գործի հետ»,- ասաց Պալյանի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանը:

Նշենք, որ Տարոն Մարգարյանը իր անունից բողոք է ներակայացրել վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով կայացված վճիռը, այն պարագայում, երբ երեք դատարանները արդեն իսկ անփոփոխ են թողել այն: Այս միջոցով Տարոն Մարգարյանը, փորձելով օգտագործել իր պաշտոնը եւ անունը, ակնհայտ դատական համակարգի վրա ճնշում գործադրելու փորձ է անում: Այս մասին ավելի վաղ iLur.am-ի հետ զրույցում ասել էր Նազիկո Պալյանը՝ շեշտելով,որ այս տարիների ընթացում Մարտիրոսովները փոխհատուցումից խուսափելու համար խարդախությամբ փորձել են վաճառել իրենց սեփականությունը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վճիռը կհրապարակի վաղը՝  հուլիսի 10-ին:

 

Նախորդ հոդվածը‘Շանթի գործով տեսանյութերի ուսումնասիրությունների արձանագրությունները կոպիտ խախտումներով են կազմվել’
Հաջորդ հոդվածը‘Պելե. Բրազիլիան կհաղթի Ռուսաստանի աշխարհի առաջնությունում ‘