‘Քաղաքապետարանում ընդունել են Կոմիտաս 5-ի բնակիչներին’

952

Այսօր քաղաքապետարանի առջեւ բողոքի ցույց անող Կոմիտասի 5 հասցեում կառուցվող շենքի հարակից շենքերի բնակիչները հրավիրվել էին քաղաքապետարան: Մոտ մեկ ու կես ժամ տևած քննարկումից հետո նրանք քաղաքապետարանից դուրս եկան դժգոհ ու մոլորված. նրանք ակնկալում էին հանդիպում քաղաքապետի կամ գլխավոր ճարտարապետի հետ, փոխարենը նրանց հետ խոսել են քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանն ու Քաղաքաշինական հարցերով ծառայության պետ Արբակ Վարդանյանը, ովքեր ըստ էության «ոչինչ չեն ասել»:

«Ախր ի՞նչ կարող էին ասել էդ մարդիկ, նույնիսկ չհասկացանք` ովքեր են: Կարևոր  բան կարող էր ասել միայն քաղաքապետը»,- ըստ News.am-ի, լրագրողներին ասել է բնակիչ Մուշեղ Սուվարյանը:

Քաղաքապետարանի աշխատողները զարմացել են` մի՞թե բնակիչները չեն ուզում, որ Երևանում ևս մեկ շենք կառուցվի: Բնակիչների առաջարկին, թե նոր, գեղեցիկ շենք թող կառուցվի քաղաքապետարանի դիմաց, պաշտոնյաները հեգնանքով պատասխանել են «կմտածենք»:

Քաղաքապետարանի աշխատակիցները խոստացել են երկուշաբթի այցելել  Կոմիտաս 5 և ուսումնասիրել, թե որքանով են արդարացված բնակիչների բողոքներն այն մասին, որ կառուցվող նոր շենքի պատճառով տուժելու են հարակից շենքերի բնակիչները:

Նախորդ հոդվածը‘Հայ ռազմագերու հարազատները սպասում են Ադրբեջանի նախագահի ընտրություններին’
Հաջորդ հոդվածը‘Գյումրիի «Ռուսական գարադոկի» բնակիչները փոխհատուցում կստանան’