‘Գյումրիի «Ռուսական գարադոկի» բնակիչները փոխհատուցում կստանան’

1052

Այսօր iLur.am-ին Գյումրիից զանգահարած քաղաքացին տեղեկացրեց, որ Ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող «ռուսական գարադոկում բնակվող» մի խումբ քաղաքացիներ նամակ են ստացել, որում նշվում է, թե 10 օր հետո այդ քաղաքացիները պետք է լքեն իրենց զբաղեցրած բնակարանները: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այդտեղ թեև հիմնականում ապրում են մարդիկ, որոնք մի որոշ ժամանակ ծառայել են ռուսական բանակում, բայց կան նաև Ռուսաստանում ծառայող զինվորականների ընտանիքներ:
Ըստ մեր զրուցակցի՝ երբ ռուսական բանակը երկրաշարժից որոշ ժամանակ անց հեռացավ Հայաստանից, այդ կացարանները թողնվեցին տեղի իշխանությունների տրամադրության տակ, և դրանից հետո զինծառայության հետ կապ չունեցող որոշ մարդիկ տեղավորվեցին այդտեղ: Մեր զրուցակիցը դժգոհում էր, որ որոշումը շատ անսպասելի էր ու շատ անհարմար պահի.ո՛չ բնակիչներին և ո՛չ էլ տեղական իշխանություններին նախօրոք չեն տեղեկացրել այդ մասին, և այդ մարդկանց ճակատագիրը մնում է օդից կախված:
Մեր զրուցակիցը նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ բնակիչներից պահանջել են ազատել այդ տարածքներն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ոստիկանական զորքեր են տեղակայելու Հայաստանում, և այդ բնակարաններում տեղավորելու են այդ ոստիկանական զորքերի ներկայացուցիչներին:
Նյութը արդեն պատրաստ էր հրապարակման, երբ մեզ զանգահարած քաղաքացին կրկին զանգահարեց և տեղեկացրեց, որ Ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղահանվող բնակիչները փոխհատուցում կստանան, սակայն ըստ մեր զրուցակցի՝ դեռ պարզ չէ՝ փոխհատուցումը կլինի գումարայի՞ն տեսքով, թե՞ վաուչերներով:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանում ընդունել են Կոմիտաս 5-ի բնակիչներին’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը խոստանում է 2014-ի ընթացքում 15-40 %-ով բարձրացնել կենսաթոշակներն ու աշխատավարձերը’