‘Քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու մասին դեռ ահազանգեր չկան’

1461

Այս պահի դրությամբ Հայաստանի քաղաքացիների տեղաշարժը խոչընդոտելու մասին ահազանգեր չկան: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Վերջինս նշեց, որ կար ահազանգ էլեկտրագնացքների մասով, սակայն Հարավկովկասյան երկաթուղուց պարզաբանել են, որ էլեկտրագնացքները աշխատում են համաձայն չվացուցակի, և միակ փոփոխությունը տեղի է ունեցել Երևան-Շորժա էլեկտրագնացքի երթուղում, որը, սեզոնային գործոնը հաշվի առնելով, այժմ ուղևորվում է մինչև Հրազդան: Երկաթուղուց մանրամասնել են նաև, որ տվյալ փոփոխությունը կատարվել է դեռ սեպտեմբերին:

Ահազանգերի բացակայության մասին iLur.am-ին հայտնեց նաև ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Այնուամենայնիվ, քիչ առաջ Երեւանի տնտեսագիտական համալսարանի ուսանողներից մի քանիսը մեզ տեղեկացրին, որ շրջաններից մայրաքաղաք եկող ուսանողների բացակայությունը բուհում համարվում է հարգելի:

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ին, վաղ առավոտյան, Եռյակը ներկայացնող պատգամավորները բաժանվելու են խմբերի եւ լրատվամիջոցների տեսանկարահանող խմբերի ուղեկցությամբ շրջելու են միջմարզային եւ միջհամայնքային ճանապարհներով: «Թույլ չենք տալու ոչ մի փակ ճանապարհ, ոչ մի խոչընդոտ», — ասել էր Ուրիխանյանը:

Հիշեցնենք, որ այսօր, ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի» եւ «Ժառանգության» համատեղ հանրահավաքը: Հանրահավաքում ելույթ կունենան նաեւ կուսակցությունների առաջնորդները:

Նախորդ հոդվածը‘Բելառուսում ձերբակալվել են 100-ից ավելի ուկրաինացի երկրպագուներ’
Հաջորդ հոդվածը‘Սևանի բաժնի ոստիկանները բռնություն են գործադրել կասկածյալի նկատմամբ’