‘Քաղաքացին մեղադրում է ճարտարապետներին՝ Երևան քաղաքի գոյությանը վերջ տալու համար’

2375

Քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է. 

Երբ ես երեխա էի, պապիկս, ով երկար տարիներ գծանկար ու գունանակար էր դասավանդում Ճարտարապետականում, ժամանակ առ ժամանակ ինձ էլ իր ուսանողների հետ տանում էր պլեների։ Պապիկս ասում էր, որ ամեն մի շենք, ամեն մի ծառ իր ուրույն անատոմիան ունի, մի բան, որ պետք է տեսնել ու թղթին փոխանցել, ճիշտ այնպես, ինչպես ամեն մարդ ունի իր ուրույն դեմքն ու բնավորությունը։ Խորը կսկիծ եմ ապրում մտածելիս, որ այս այլանդակությունը, երևի, այդ թվում՝ նրանց ձեռքի գործն է, ովքեր ամառային այդ օրերին, թերթից սարքած նավակները՝ գլխներին, նկարում էին այդ նույն տները, դռներն ու փայտե պատշգամբները։

Այնումենայնիվ, չեմ ուզում զգացմունքներով առաջնորդվել և զայրույթին ու հիասթափությանը տեղի տալ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ այս քաղաքասպան իշխանություններին ծառայած ու ծառայող պալատական ճարտարապետների մղումները։ Միամիտություն կլիներ այս ամենը միայն տգիտությամբ, անճաշակությամբ ու մասնագիտական անպատկանությամբ բացատրելը։ Կարծում եմ, որ այն տեսակետը, թե այս մարդկանց մի մասը հոգու խորքում (կամ անգամ ոչ այդքան խորը) միշտ չէ, որ անվերապահորեն համաձայն է քաղաքաշինական և ճարտարապետական նման լուծումներին, գոյության իրավունք ունի։ Ավելին, այս ճարտարապետներից շատերի և, հավանական է, լավագույնների համար փողը և ամեն գնով հարստացման անբավածավալ տենչը չէ երևի հիմնական մղումը։ Ավելի ճիշտ, բնականաբար, փողը շատ էական ու կարևոր դեր է խաղում պատվեր կատարելու կամ հրաժարվելու, նախագիծ հաստատելու կամ մերժելու որոշումներ կայացնելիս, սակայն ըստ իս՝ շատերի համար հիմնական ու խորքային պատճառը ոչ այլ բան է, քան սնափառությունն ու փառամոլությունը։

Անմահության փնտրտուքն ու սնափառության ծուղակները մարդությանը հայտի են դեռ «Գիլգամեշ» էպոսից ի վեր. այնպես որ՝ մարդկային այս արատն օգտագործելը և դրա միջոցով ցանկալի արդյունքի հասնելը իշխանությունների հիմնական գործիքներից են եղել բոլոր ժամանակներում։ Երբ լսում ես մեր օրերի ճարտարապետներին, թվում է, թե Թամանյանի դափնիները ուղղակի գիշեր-ցերեկ հանգիստ չեն տալիս ոչ միայն տխրահռչակ Նապոլեոնին, ով իր «անունը անմահացնելու» նպատակով չի զլանում ամեն մի նորակառույց այլանդակության վրա այն դաջել, կամ պալատական սազանդար Լևոն Իգիթյանին, ում մասին ցենզուրայի շրջանակներում խոսելն առհասարակ անհանար է, այլև իշխանական կերակրատաշտին ոչ այդքան մոտ կանգնածներին, պայմանական ասած՝ երկրորդ էշելոնին։ Օրինակ՝ «քաղաքային ինտելիգենտի» կեցվածք ընդունած Լևոն Վարդանյանին, ով տարիներ առաջ հանձն էր առել իրականացնելու առասպելական «Հին Երևան» նախագիծը, իսկ բոլորովին վերջերս ստանձնել է նաև իշխանական մունետիկի դերը։

Վստահ եմ, որ եթե մանր-մունր հարցերում, գարաժ ու բուդկա կառուցողներին, փողից բացի՝ իրոք ոչինչ չի հուզում, այս ճարտարապետական «մտքի տիտաններին» հավատացրել են, որ նրանք պատմություն են կերտում՝ կառուցում նոր Երևան։ Բոլոր տեսակի նյութական բարիքներից զատ՝ խոստացել են նաև պայմանական «անմահություն»։ Համոզել, թե ով, եթե ոչ դուք…Եվ ահա, երբեմնի հուշարձանների պաշտպան Մարիետա Գասպարյանի ամուսին Լևոն Վարդանյանը ստանձնում է ոչ միայն մյութոս և անուրջ  հանդիսացող «Հին Երևան» նախագիծը, այլև շատ մարմնավոր Պուշկինի 25 շենքի և դրա շրջակայքում նախատեսվող հուրանոցային համալիրների պատվերը։ Չգիտես ինչու՝ հին Երևանին նվիրված տիկին Մարիետայի կայքը ցանցից անհետանում է, ինքն էլ անհետանում  է Երևանի պատմամշակութային ժառանգության համար պայքարողների շարքերից։

Եվ, չգիտես ինչու, բոլորը խոսում են «մեղավորներից»։ Ես, ի տարբերություն ձեզ, պարոնայք, այս ամենի համար չեմ մեղադրում վերացական կատեգորիա հանդիսացող «ժողովրդին» կամ Հայաստանի չկայացած «հասարակությանը», ինչպես որ դուք եք փորձում անել, ես չեմ մեղադրում անճաշակ ու տգետ պատվիրատուներին, ես անգամ չեմ մեղադրում մանր-մունր չինովնիկներին, ովքեր բան չհասկանալով՝ կանաչ լույս են տվել հիմար նախագծերի իրականացմանը։

Ես մեղադրում եմ ձեզ։ Ձեզ, որ ձեր գրպանները լցնելու ու սեփական փառասիրությունը բավարարելու համար վերջ եք տվել Երևան քաղաքի գոյությանը, ձեր լռությամբ կամ համաձայնությամբ խթանել եք քաղաքը այլանդակելու, քաղաքաշինական բոլոր նորմերը նենգափոխելու որոշումներին, և վերջ ի վերջո գործիք եք դարձել այս իշխանությունների ձեռքին՝ մեր մայրաքաղաքի ոգին, շունչն ու պատմությունը բնաջնջելու գործում։ Մի փորձեք անգամ արդարանալ ու ինքներդ ձեզ զոհի դերում պատկերել, այս մեղքի հսկայական բաժինը ձե՛րն է։ Ո՞վ պիտի ապամոնտաժեր ու նախագծեր, եթե դուք բոլորդ հրաժարվեիք, եթե չտրվեիք փողի ու «փառքի» գայթակղությանը։

Ահավասիկ ես ասում եմ ձեզ, պարոնայք փառասեր ճարտարապետեր, մենք այլևս այն ժամանակներում չենք ապրում, երբ մագաղաթը ոսկու գին ուներ, և հաղթողն էր ստեղծում պատմությունը։ Չի՛ իրականանալու ձեր այն փափագը, թե՝ ժամանակ կանցնի, ու մարդիկ կմոռանան՝ ինչ էր առաջ, ու ձեզ կհիշեն երախտագիտությամբ։ Որքան էլ ես ու իմ նմանները ձեր աչքին ավազ թվանք պատմության ծովի մեջ ու ձեր «փառքի» կողքին, տեխնոլոգիաների զարգացման, թվային արխիվների ու տեղեկատվության բազմազանության դարում մենք ջանք չենք խնայելու, որ ապագա սերունդներին դուք ներկայանաք ոչ որպես թամանյաններ, այլ՝ ներոններ, քաղաքը այլանդակողեր, պատմությունը պղծողներ, հուշարձաններ քանդող թաթար-մոնղոլներ։ Եթե անգամ քաղաքը փրկելու համար ուրիշ ոչինչ անել չկարողանամ, գոնե այս մեկը ես ձեզ խոստանում եմ։

Նախորդ հոդվածը‘Անդրանիկ Միրզոյանն ազատվել է ՀՔԾ պետի պաշտոնից’
Հաջորդ հոդվածը‘Հիշեցում. Թոխմախի Մհերի գործազուրկ որդին $500 հազար ու Երեւանում 5,16 հեկտար հողամաս ունի (լուսանկարներ)’