Քամելեոնի հերթական գունափոխումը

1687

Շուրջ մեկ շաբաթ առաջ Կատարի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ոչ բարով նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել էր հետևյալը. «Այն, ինչ տեղի ունեցավ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ… հենց այդ պատերազմը, որը կանխատեսելի էր դեռևս 1990-91 թվականներին, երբ մենք սկսեցինք մեր խնդիրներն Ադրբեջանի հետ լուծել պատերազմի միջոցով»: Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել, քան այն, որ, ըստ Խաչատուրյանի, Ղարաբաղյան առաջին պատերազմը սանձազերծել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը:

Եվ միայն այն բանից հետո, երբ այս տխմարագույն հայտարարությունն արժանացավ հանրության միահամուռ ցասմանն ու ծաղրին, Խաչատուրյանը, փոխանակ ներողություն խնդրելու ժողովրդից, այսօր խղճուկ փորձ է արել պլստալ ինքն իր գլխին բերած անհարմար վիճակից: Ահա, թե նա ինչ է ասել Ժողովրդավարության հայկական ֆորումում այսօր ունեցած իր ելույթում. «Հայաստանի անկախության հանրաքվեն, առաջին խորհրարանական ու նախագահական ընտրությունները կայացել են մեզ պարտադրված պատերազմի պայմաններում»:

Քամելեոնությունն էլ ինչպե՞ս է լինում — հինգ օր առաջ նա Կատարում հայտարարել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմը սկսել է Հայաստանը, իսկ այսօր հայտարարում է, որ այդ պատերազմը մեզ պարտադրված է եղել Ադրբեջանի կողմից: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

Աշոտ Սարգսյան

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Աշխարհի երկրորդ ռակետ Մեդվեդեւի սենսացիոն պարտությունը
Հաջորդ հոդվածըՓաշինյանի հերթական մանիպուլյացիան