‘Քըրք Քըրքորյանն ու ևս 9 միլիարդատերեր, ովքեր չեն ավարտել դպրոցը’

3315

Միլիարդատերերի շարքում քիչ չեն նրանք, ովքեր թողել են ինստիտուտը՝ իրենց նախընտրած աշխատանքով զբաղվելու համար: Աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում կան այնպիսիք նաև, ովքեր չեն ավարտել նույնիսկ դպրոցը՝ ընտանիքին օգնելու կամ այլ պատճառներից ելնելով: Forbes ամսագիրը կազմել է այն 10 միլիադատերերի ցանկը, ովքեր չեն ավարտել դպրոցը:

10.  Ջեյմս Քլարկ, կարողությունը՝ 1,1 միլիարդ $

Քլարկը թողել է դպրոցը ընտանեկան խնդիրների պատճառով: Նրա ծնողները մի քանի անգամ ամուսնալուծվել և կրկին վերամիավորվել են: Սկզբում Քլարկին դպրոցում մի քանի անգամ զրկել են որոշ դասերին ներկագնվելու իրավունքից, իսկ հետագայում նաև հեռացրել դպրոցից: Քլարկը պատանեկան տարիքից սկսել է աշխատել նավատորմում և աշխատելու ընթացքում հասկացել, որ իրեն շրջապատող մարդիկ չգիտեն անգամ տարրական թվաբանություն: Հետագայում նա ընդունվել է Նոր Օրլեանի համալսարան, որի տնօրինությունը նրան թույլ է տվել մասնակցել դասընթացնեերին առանց դպրոցական դիպլոմի:

9. Ահմեդ Նազիֆ Զորլու, կարողությունը ՝ 1,4 միլիարդ  $

Թուրք գործարարը դադարել է դպրոց հաճախել 15 տարեկանից: Զորլուի ավագ եղբայրը նրան խորհուրդ է տվել զբաղվել ավելի կարևոր գործով, քան ուսումն է, օրինակ՝ մտնել տեքստիլի արտադրության ոլորտ: Մի քանի տարի հետո եղբայրները Դենիզլիից տեղափոխվել են Ստամբուլ, որտեղ հիմնել են 90-ականներին Թուրքիայում պոլիէսթերային մանրաթել օգտագործող ընկերությունը:

8. Կարլ Լինդներ, կարողությունը՝1,7 միլիարդ  $

Լինդների մանկությունն անցել է ԱՄՆ-ում «Մեծ ճգնաժամի» տարիներին: Նրա ծնողները կարողացել են կերակրել երեխաներին, քանի որ զբաղվում էին կաթնամթերքի վաճառքով: 14-ամյա Լինդները թողել է դպրոցը, որպեսզի օգնի ծնողներին կաթնամթերքի վաճառքի հարցում: Հետագայում, երբ Միացյալ Նահանգներում ավարտվեց «Մեծ ճգնաժամը», Կարլը իր երկու եղբայրների և քրոջ հետ վերցրեց 1200 $ վարկ և դրանով բացեց պաղպաղակի խանութ: Այժմ նա ղեկավարում է United Dairy Farmers պաղպաղակների և այլ քաղցրավենիքի արտադրության խանութների ցանցը:

7. Դեյվիդ Մերդոկ, կարողությունը՝ 2,4 միլիարդ $

Թեև Մերդոկը այժմ ղեկավարում է աշխարհի միրգ-բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ամենամեծ ընկերություններից մեկը՝ նրա առաջին աշխատանքը եղել է բենզալցակայանում: Մերդոկը դպրոցը թողել է նախաավարտական տարիներին, որպեսզի օգնի ընտանիքին գոյատևել:

6. Քըրք Քըրքորյան, կարողությունը՝  3,3 միլիարդ $

Հայազգի հայտնի գործարարը, մինչ «Մետրո Գոլդվին Մայեր» և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների հիմնադիր դառնալը, մեծ փողերի հետևից իր ուղին սկսել է որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ՝ դպրոցական կրթությունը թողնելով 8-րդ դասարանում։ Այնուհետև սովորել է օդաչուական դպրոցում, դարձել օդաչու-հրահանգիչ։ Որպես ռազմաօդային ուժերի օդաչու՝ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, որի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով: 96-ամյա Քըրքորյանը, ով կրում է «ժպտացող Կոբրա» մականունը, մինչև հիմա էլ հետաքրքրվում է բռնցքամարտով, որի ամենահնչեղ մենամարտերը հաճախ տեղի են ունենում Լաս Վեգասում: Ի դեպ, ըստ Forbes ամսագրի՝ Քըրքորյանը այլևս չի համարվում մոլորակի ամենահարուստ հայը: Սամվել Կարապետյանի (Տաշիրի Սամոյի) կարողությունը ներկայումս 3,8 միլիարդ $ է:

5. Ջո Լյուիս, կարողությունը՝ 4,2  միլիարդ $

Լյուիսը 15 տարեկանումթողելէ ուսումը՝  հոր տնօրինած հասարակական սննդի խանութում մատուցող աշխատելու համար: Հետագայում ստանալով հոր ժառանգությունը՝ Լյուիսը վաճառել է ընտանեկան բիզնեսն ու սկսել է զբաղվել արժույթային գործարքներով և տարբեր ներդրումներով: Այժմնաավելիքան 150 ընկերություններիբաժնետեր է, 135 ռեստորանի տեր և Լոնդոնի «Տոտենհեմի» սեփականատերը, որտեղ ևս կարողանում է հաջողությունների հասնել: Անցյալ ամռանը «Տոտենհեմը» ռեկորդային՝ 100 մլն  €-ով վաճառեց վալիացի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին, ում 2007-ին գնել էր 10 անգամ պակաս գումարով:

Լյուիսի կարողությանը կարելի է գումարել նաև նրան պատկանող բազմաթիվ արվեստի գործեր, այդ թվում՝ Պիկասոյի և Ֆրենսիս Բեկոնի աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1 միլիարդ  $:

4. Ռիչարդ Բրենսոն, կարողությունը՝ 4,6 միլիարդ $

Հանրահայտ Virgin Group-ի հիմնադիրը տարբերվում է մեր ցանկի այլ միլիարդատերերից, քանի որ նա դպրոցից հեռացել է ոչ թե ծնողներին օգնելու, այլ պարզապես դպրոց չհաճախելու պատճառով, քանի որ, ինչպես ինքն է ներկայացրել, դիսլեկսիայի պատճառով չէր կարողանում կարդալ: Բրենսոնի խոսքերով՝ դպրոցի տնօրենը նրա հեռանալու ժամանակ ասել է. «Հաջողություն քեզ, դու կամ հանցագործ կդառնաս, կամ էլ հեքիաթային հարստություն կդիզես»:

Երբ նրա համադասարանցիները դեռևս շարունակում էին զբաղվել Բրենսոնի չսիրած գործով, նա արդեն իսկ պլանավորում էր առաջին խոշոր նախագիծը՝ երիտասարդների համար նախատեսված Student ամսագիրը:

3. Ֆրանսուա Պինո, կարողությունը՝ 15 միլիարդ $

Ֆրանսիայի ամենազդեցիկ գործարարներից մեկը ծնվել է փայտանյութերի արտադրությամբ զբաղվողների ընտանիքում: Պինոյի խոսքերով՝ նրա միակ ուսման վկայականը վարորդական իրավունքն է, չնայած այն փաստին, որ նրա հայրն ամեն ինչ պատրաստ էր անել, որպեսզի որդին ստանար գոնե դպրոցական կրթություն: 16 տարեկանում Պինոն թողել է դպրոցը և այլևս չի մտածել կրթության մասին: Նախ՝ նա չի սիրել սովորել, և հետո, ինչը, հնարավոր է, է՛լ ավելի կարևոր է պատանեկան տարիքում, նա այլև չի կարողացել հանդուրժել համադասարանցիների ծաղրն իր նկատմամբ: Պինոն հեռացել է ոչ միայն դպրոցից, այլև Ֆրանսիայից՝ մեկնելով Ալժիր, որտեղից վերադարձել է՝ արդեն որոշակի կարողության տեր դառնալուց հետո:

2. Լի Կաշին, կարողությունը՝ 31 միլիարդ $

Ասիայի ամենահարուստ գործարարներից մեկը ծնվել է աղքատ ուսուցիչների ընտանիքում: Նա դեռ չէր բոլորել իր 14-ամյակը, երբ տուբերկուլյոզից մահացավ նրա հայրը: Սկզբում 14- ամյա Կաշինը սկսել է զբաղվել ժամացույցների վաճառքով, իսկ մի քանի տարի հետո անցել է օրական 16-ժամյա աշխատանքի պլաստմասե ծաղիկներ արտադրող ընկերությունում:

Ուշագրավ է, որ այժմ Լի Կաշինը տարեկան մոտ 1 միլիարդ դոլար է նվիրաբերում տարբեր կրթահամալիրների:

1.Ամանսիո Օրտեգա, կարողությունը՝ 57 միլիարդ $

Forbes-ի ամենամյա՝ աշխարհի ամենահարուստ անձանց ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող իսպանացին դպրոցից հեռացել է դեռևս 13 տարեկանում: Zara և Massimo Dutti բրենդների սեփականատերը ապրել է աղքատ ընտանիքում, հայրն աշխատել է երկաթգծում, իսկ մայրը՝ հավաքարար՝ ինչ-որ մեծահարուստների տանը: Սկզբում Օրտեգան աշխատել է որպես դերձակի օգնական, իսկ հետագայում սկսել է զբաղվել նաև շորերի վաճառքով: 40 տարեկան հասակում Օրտեգան հիմնադրել է Zara-ն, որը մինչև հիմա նրան ապահովում է ամենամեծ շահույթը: Միայն անցյալ տարվա համեմատ՝ 2013-ի ընթացքում Օրտեգայի կարողությունը ավելացել է 19 միլիարդ $-ով:

Նախորդ հոդվածը‘Վարորդներ, ուշադրությո՛ւն. Էլի արագաչափեր ‘
Հաջորդ հոդվածը‘Դերոյի որդու շռայլ գնումները պետբյուջեի հաշվին. Մամուլ’