‘Քննչական մարմինը Վոլոդյա Ավետիսյանի հետ որևիցե գործողություն չի կատարում’

977

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով քննչական մարմինը նրա հետ որևիցե գործողություն չի կատարում, միայն դիմում է դատարան՝ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ, որը բավարարվում է: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը ազատամարտիկի փաստաբան Արա Զաքարյանը նշել է, որ դատարանն իր որոշումը պատճառաբանում է նրանով, որ ազատամարտիկին կալանքի տակ պահելու հիմքերը չեն վերացել, անհրաժեշտ է կատարել նոր գործողություններ, ուստի ժամկետը երկարաձգում են:

«Ես դիմել եմ Վերաքննիչ դատարան, պաշտպանական կողմը գտնում է, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Նախաքննական մարմինը հիմքերը չի տրամադրում դատարանին, պատճառաբանում է, որ դա գաղտնիք է, քննիչը միայն կրկնում է՝ կատարվել են բազմաթիվ գործողություններ, ձեռք են բերվել նյութեր, անհրաժեշտ են նոր քննչական գործողություններ, սակայն դրանցից առաջինը պիտի լիներ առերեսումը, իսկ թե ինչու դա չի արվել, չի ասվում»,- ասել է նա:

Զաքարյանը նաև նշել է, որ դատարանին չի տրամադրվել հիմքը, որով նրան կալանքի տակ են վերցրել, նա հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը գոնե այս անգամ մատների արանքով չի նայի հարցին: 

Նախորդ հոդվածը‘Ինչ է առաջարկել ՀՀԿ-ն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ընդունել է Քուվեյթի նահանգապետերից մեկին’