‘Քոչարյանի գործով բողոքների քննությունը Վերաքննիչում. Ուղիղ’

1502

Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։

Հիշեցնենք, որ թե Գլխավոր դատախազությունը, թե զոհերի եւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները Վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով փոխել Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի անջատված գործի վարույթը կասեցնելու եւ այն ՍԴ ուղարկելու առաջին ատյանի դատարանի որոշումները։

Նիստի մեկնարկին մասնակցած Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե Քոչարյանի պաշտպանական խումբը նիստը ձգձգելու փորձեր է կատարում: 

Դավթյանն ասել է, որ հույս ունի, որ գործը քննող դատավոր Արմեն Դանիելյանը բարոյական և հոգեբանական ճնշումների չի տրվի: 

Ըստ այդմ, Դավթյանը խորհրդանշական է համարել պաշտպանական կողմի և հատկապես Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները՝ ուղղված դատավորին՝ այն մասին, որ յուրաքանչյուրն իր կատարած արարքի համար պատասխան է տալու:

«Ես դա շատ խորհրդանշական եմ համարում, որ այդպիսի արտահայտություն է անում այսօր մեղադրյալ, իսկ մեղսագրված հանցանքների կատարման պահին հանրապետության նախագահ հանդիսացած անձը: Կարծում եմ, որ սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին»,- «Արմենպրեսի» փոխանցմամբ ասել է Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի կարծիքով` պաշտպանական կողմը դա անում է ակնհայտորեն այլ նպատակով և ոչ միայն դատական նիստի ընթացքում: Ըստ Դավթյանի` նրանք ամենատարբեր տեղեկատվական հոսքերով փորձում են բարոյական և հոգեբանական ճնշումներ գործադրել:

«Այդ արտահայտությունը, որ յուրաքանչյուրը պատասխան է տալու, իրենք մոռացել են, որ վերաբերում է հանցանք կամ իրավախախտում կատարելու դեպքում պատասխան տալուն, և որևէ պաշտոնյա, ով բարեխղճորեն իր գործն է կատարել, նա անհանգստանալու խնդիր չունի»,- նշել է Դավթյանը:

Նշենք, որ ինքը՝ Քոչարյանը, նիստին չի մասնակցում: 

Ուղիղ միացումը՝ «Սիվիլնեթ»-ի: 


Նախորդ հոդվածը‘Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկայի Գավաթ. Բրազիլիան չկարողացավ հաղթել Վենեսուելային, Բոլիվիան պարտվեց Պերուին (տեսանյութ)’