‘Քուվեյթը կրկին կօգնի սիրիահայերին. Լֆիկի փայի մասին դեռ ոչինչ հայտնի չէ’

1031

Քուվեյթի Պետությունը 100 հազար ԱՄՆ դոլար կփոխանցի «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը: Դրա վերաբերյալ պայմանագիրը կստորագրվի սեպտեմբերի 27-ին  ՀՀ սփյուռքի նախարարությունում: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են նախարարությունից, գումարը կտրամադրվի Հայաստանում բնակվող սիրիահայերի համար իրականացվող դպրոցական և կրթական այլ ծրագրերին աջակցելու նպատակով: Պայմանագրի ստորագրման արարողությանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նշենք նաև, որ Քուվեյթը արդեն մեկ անգամ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը տրամադրել է 100 հազար ԱՄՆ դոլար, որոնք ամբողջովին փոխանցվել են ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներին, քանի որ Սփյուռքի նախարարությունում որոշել էին, որ սիրիահայերը պետք է այդ գումարը ստանային ոչ թե առձեռն, այլ՝ 20 հազար դրամ պարունակությամբ կտրոնների տեսքով։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ կտրոններն այն ժամանակ տրամադրվել էին միայն այն սիրիահայերին, ովքեր հաշվառված են կազմակերպության կողմից։ 

Այս պահի դրությամբ դեռ ոչ մի տեղեկություն չկա՝ ում կփոխանցվի հերթական 100 000 դոլարը: 

Նախորդ հոդվածը‘Ցունիգայի նոր պայմանագրում «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ հատուկ կետ կավելացվի’
Հաջորդ հոդվածը‘Սուդանի՝ Հաագայի կողմից որոնվող նախագահը հրաժարվել է այցից Նյու Յորք ‘