‘Քրգործ. ՏԸՀ ՀՀԿ-ական անդամը 3 քվեաթերթիկ է տվել ընտրողին՝ բազմակի քվեարկության համար’

993

Երևան քաղաքի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 08/23 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը: Տեղեկացնում է գլխավոր դատախազությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 08/23 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ ԷդգարՄանուկյանը, (ՀՀԿ-ից) վիճակահանությամբ հանդիսանալով այդ ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկ և ծրար տրամադրող անձ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Դ.Մխիթարյանին Երևանի ավագանու ընտրությունների օրը` 2013թ. մայիսի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, տրամադրել է միանգամից երեք ծրար և երեք քվեաթերթիկ` մեկից ավելի անգամ քվեարկություն կատարելու նպատակով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա Է.Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-153-րդ հոդվածով:

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 5-ին հարուցված քրեական գործի շրջանակներում մայիսի 13-ին որպես մեղադրյալ է ներգրավվել նաև նշված ընտրատեղամասի ընտրող Դ.Մխիթարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով: Նախաքննությունը շարունակվում է: 

Հավելենք, որ նշված ԸՀՀ նախագահը ՀՅԴ ներկայացուցիչն էր, քարտուղարը՝ ԲՀԿ-ից: 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի դատական հայցի հիմքում ավելի քան 300 ընտրախախտում կա՝ միայն քվեարկության օրվանից’
Հաջորդ հոդվածը‘Ռոբերտո Կառլոս. Շատ մեծ սխալ կլինի ըմբշամարտը օլիմպիական ծրագրից հանել’