‘Քրդերը կասեցրել են Թուրքիայի տարածքից զորքերի դուրսբերումը’

898

Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) գրոհայինները սեպտեմբերի 9-ին հայտարարել են, որ կասեցնում են իրենց զորամիավորումների դուրսբերումը Թուրքիայի տարածքից, հաղորդում է Reuters-ը: Այդ որոշումը, որը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը, ՔԲԿ առաջնորդները բացատրել են նրանով, որ Թուրքիայի կառավարությունը չի կատարում պայմանավորվածության իր կետերը՝ քրդերի հոծ բնակության վայրերում քաղաքական և սոցիալական բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ՝ ՔԲԿ-ում ընդգծել են, որ կրակը դադարեցնելու վերաբերյալ պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ, և քրդերը մտադրություն չունեն խախտել այն:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը անջատողականներին արդեն մեղադրել էր իր զորամիավորումների դուրսբերումը ձգձգելու և ոչ թե գրոհայիններին, այլ հիմնականում՝ նրանց կանանց և երեխաներին Իրաք տեղափոխելու մեջ:

Հիշեցնենք, որ Թուրքիայից քուրդ գրոհայինների դուսբերման մասին հայտարարվել է այս տարվա գարնանը: Այդ համաձայնությունը ձեռք էր բերվել ավելի քան 30 տարի Թուրքիայի հարավ-արևելքում շարունակվող զինված հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ տարվող բանակցությունների ընթացքում: Քրդերն ինքորոշման համար պայքարում են 1978 թ. ի վեր: Հակամարտության ողջ ընթացքում սպանվել է ավելի քան 40 հազար մարդ: Այդ պայքարում առաջատար ուժ է համարվում Քրդական բանվորական կուսակցությունը, որն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել Թուրքիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Մինասյան. Օզբիլիսի մասնակցությունը հարցականի տակ է’
Հաջորդ հոդվածը‘Վաղը կայանալիք Հայաստան — Դանիա հանդիպմանը վաճառվել է ընդամենը 4000 տոմս’