Քրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ կապրիս N1

1102

Ասում են՝ Եդեմում արգելված պտղին չմոտենալու Աստծո հորդորն իրականում մարդուն ազատ ընտրության իրավունքով օժտելու առաջին փորձն էր։ Քո ընտրությունն է՝ փորձել, թե՝ չփորձել արգելված պտուղը։ Ընտրելու իրավունքը, փաստորեն, մեզ հարատեւ կցված մի բան է, իսկ մեր դարում ավելին, քան` ուղղակի կարեւոր։ Ամրագրված՝ Սահմանադրությամբ, օրենքներով, տո՛ միջազգային կոնվենցիաներով։

Բլոկադայի ժամանակ առաջինը սպառվեցին բոլոր ապրանքները։ Հա, մարդիկ խելակորույս գնում էին ամեն բան, ինչ պատահի, թերեւս` բացի թանկարժեք խմիչքից եւ սպասքից։ Մնացած ամեն բան լույսի արագությամբ սպառվում էր՝ на всякий случай: Մեծ դատարկությունից որոշ ժամանակ անց մեր բոլորիս տներում դեռ որոշակի քանակությամբ ապրանք կար. նայած ով՝ ինչ էր հասցրել գնել։ Բայց դե որոշ բաներ, բնականաբար, սպառվեցին առաջին հերթին։ Ուտելու եւ ապա դրա հետեւանքները վերացնելու հետ կապված։

Մի խոսքով, զուգարանի թղթի ինքնարժեքը հասավ Օլիմպոսի գագաթին, դոլարի հետ փոխարժեքը՝ Քուվեյթի դինարին։ Երեւի։ Էլ ի՞նչ բառասեթեւեթեմ, թուղթը սպառվել էր մի պահից։ Չկար։ Ոչ գետնի վրա, ոչ՝ օդում։ Չնայած չէ՝ օդում կար, մեր GG ուղղաթիռները ասում են՝ բերում էին։ Բայց դե հավքն իր թեւով, օձն իր պորտով էդ տեղերը չէին գտնում, կամ եթե գտնում էին՝ էնպիսի գներ էին կրակում, որ մտածում էիր՝ в принципе մեր նախնիներն էլ վատ չէին յոլա գնում։ Մի խոսքով, երբ թղթի դեֆիցիտը հասավ իր ապոգեյին, եկավ մեր ազատ ընտրության պահը։

Պետք էր քվեարկել, թե համապատասխան վայրում ո՛ր գիրքը պետք է հայտնվեր։ Ծանր էր ու դժվար դպրոցի ճամփան, ավելի ճիշտ՝ ընտրությունը։ Որովհետեւ տանը համարյա ընթերցանության ոչ ենթակա գիրք չէր մնացել․ դրանք վաղուց մեր բալկոնի մանղալի տակ էին հայտնվել եւ մոխրացել մանղալի հավերժական կրակներում։ Համարյա, քանի որ մի-երկու գիրք, այդուհանդերձ, կար, եւ համաժողովրդական քվեարկությունը համարյա նովգորոդյան վեչեի օրինակով որոշեց, որ առաջինը հենց դրանք պիտի հայտնվեն զնդանում։

Սկզբում կախաղանի երկնուղեշ փայտերին մոտեցավ մեր բարեկամ ղազախ ժողովրդի արժանավոր (երեւի) զավակ Մուխտար Աուէզովի ռուսալեզու «Աբայի ուղին» հաստափոր գիրքը։ Առնվազն մի էջ կարդալու խիստ հրահանգ կար մամայի կողմից. եթե մի ֆրանսիացի հարցներ՝ հավանեցի՞ր գիրքը, կասեիր՝ կոմսի, կոմսա։ Հաջորդիվ հերթը Հելմուտ Պաբստի «Գերմանացի զինվորի օրագիրը» բարալիկ գիրքն էր, համարյա՝ Մարալիկ, Մարալիկ, քիփլիկ քաղաք է, էլի։ Բայց գիրքը քննություն չանցավ, էնքան հին էր, որ այս անգամ հնությունը ոչ թե գրքին հավելյալ արժեք ու գին էր փոխանցում, այլ՝ պարզապես անպիտան էր դարձնում կոնկրետ առաքելության կատարման համար։ Մեր մեջ ասած՝ Խաչատուր Աբովյանի առաջին հրատարակությունն էր այդ նեղ մաջալին նույնքան անպիտան կլիներ։ Իսկ գերմանացի զինվորի մասին սովետական թղթի վրա գրված պատումն ուղղակի ամոթից կիսվում էր առաջին իսկ հպումից։

Հաջորդ եւ վերջին՝ ընթերցանության ոչ ենթակա գիրքը, որ ուղարկվեց գլխատման` Վարդան Հակոբյանի ժողովածուն էր, հաստափոր ու հաստաբեստ։ Ինչ խոսք, ռազմահայրենասիրական պաթոսը բավականին գոտեպնդում, ինչու` ոչ, նաեւ ոտեպնդում էր դժնդակ բլոկադայի ժամանակ։ Ծանր ընտրության պահը վրա հասավ, կամ ինչպես ասում են՝ երեւան եկավ, երբ հերթում հայտնվեցին ընթերցանության ենթակա գրքերը։ Մամայի ձեռքից վերջին պահին հազիվ փրկեցի «Աննա Կարենինա»-ի առաջին հատորը, համարյա՛, ԱՄՆ նախագահի պես վերջին պահին գլխատումից փրկված հնդկահավի պես գիրքը հանգրվանեց երկրորդ հատորի կողքը, բայց ամեն դեպքում որեւէ գիրք պիտի գնար զոհաբերության։

Զոհասեղանին հայտնվելու լավագույն գրքի մրցանակաբաշխությունում երկար բաց ու փակ քվեարկությունների, քննարկումների արդյունքում հաղթեց պապայի սեղանի գիրքը՝ Սովետական ամբողջական հանրագիտարանը։ Էն կանաչները չէ՝ մի քանի հատորով։ Շագանակագույն՝ համառոտ ամբողջականը։ Որովհետեւ դրա թղթերը բարակ էին ինչպես չինական մետաքսը, համ էլ՝ ինֆորմատիվ գիրք էր․ որոշ փակ վայրերում հայտնված մարդիկ միշտ ստիպված են լինում մի բան կարդալ։ Հեն է՝ լիքը կարդալու բան, նկարներով, բանով։ Համ էլ՝ հումորի անսպառ թեմա՝ քանի՞ էջ կարդացիր, ստուգելու եմ, հետո կպատմես։

Միայն ափսոս, որ կիսատ ընթերցվեց, որովհետեւ завтра была война…

Նախորդ հոդվածը«Մոսսադը» պաշտպանել է Իսրայելում Al Jazeera-ի գրասենյակը փակելու առաջարկը
Հաջորդ հոդվածըՎրաստանի ՍԴ-ն «կանաչ լույս» է վառել նախագահի իմպիչմենտի համար