‘Քրիստինե Խանումյան. Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց…’

10113

Ոչ ոք պատերազմ չի ուզում: Հատկապես նրանք, ովքեր չեն տեսել դա: Բայց եւ՝ առավելեւս նրանք, ովքեր արդեն «ճաշակել են» պատերազմի դառնությունը: Պատերազմի դառնությունը գիտե՞ք ինչ է: Էն, որ եթե «ճաշակում ես», էդ դառնությունը հավերժ մնում է լեզվիդ: Ու երկրորդ անգամ հաստատ չես ցանկանա «ճաշակել»: Ու ընդհանրապես, խաղաղությունն ամենից լավն է: Հնարավոր չէ մարդ լինել ու խաղաղություն չցանկանալ: Գիտակից մարդը խաղաղության կողմից է: Պատերազմ ցանկանալու համար արյան ծարավ պիտի ունենաս երեւի: Եվ կամ՝ աշխարհի հետ մի մեծ կռիվ: Պատերազմն ի՞նչ է: Մահվան գրոհ: Որ կարող է տանել յուրաքանչյուրին` մեծ ու փոքր չնայելով: Իսկ խաղաղությունը հանգիստ քունն է նախ: Վաղվա հույսը: Իսկ պատերազմն էն է, որ անգամ թշնամուդ չես ցանկանա: Որովհետեւ գիտես` այնտեղ էլ մայրեր կան: Լացն ու հույսը համամարդկային են: Անգամ գազանն է սգում իր զավակի մահը:

Բայց երբ գալիս են քո տան վրա, ի՞նչ անել: Հո մյուս այտդ դեմ չե՞ս տա: Հո չպիտի՞ թողնես, որ քեզ սպանեն, հենց այնպես: Հո չե՞ս ասի՝ մի զավակիս սպանեցիր, ահա մյուս զավակս էլ քեզ մատաղ, արա՝ ինչ ուզում ես:

Հա, ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց երբ քեզ քաշում են պատերազմի մեջ, դու չես կարող լուռ մնալ, ոչ միայն՝ որովհետեւ բանական ես, այլ նաեւ՝ որովհետեւ ինքնապաշտպանությունը բնազդ է: Աստված ասում է. «Մի՛ սպանիր»: Բայց դա՝ երբ «եղբայրը եղբորն» է սպանում, երբ Կայենը խլում է Աբելի կյանքը: Հենց այնպես: Իսկ երբ զենքը դեմ են տվել քունքի՞դ: Այ, էդ ժամանակ դու չես կարող ասել` էս իմ կռիվը չէ, ես գնացի: Էդպես չի լինում: Եթե քո կռիվը չէ, բա ո՞ւմ կռիվն է: Միայն նրա, ում քունքին զե՞նք են դեմ տվել: Բա երկի՞րը: Ի վերջո, հողը, որի վրա ապրում ես, արդեն դու ես: Էդ հողն արդեն քեզ հետ է նույնականացվում: Որովհետեւ էդ հողի վրա քո քրտինքը կա, քո արյունը, քո արցունքը: Էդ հողը քո ժպիտն էլ է հիշել եւ քո նախնիներին է ամփոփում իր մեջ: Հողն էլ մեծ հաշվով դու ես: Ու դու նրան չես կարող ասել` էս իմ կռիվը չէ, կներես: Պատերազմ չեն քարոզում: Բայց նաեւ մեծ հաշվով՝ եթե դուռդ ջարդում են, բռունցք պիտի ցույց տաս, չէ՞: Դա էլ պատերազմից խուսափելու միջոց է: Որ մյուս անգամ հասկանան ու քո տան դուռն այլեւս ջարդել չփորձեն: Ու այո, տխուր է, երբ տեսնում ես, թե ինչ երիտասարդ կյանքեր են տանում նրանք: Սիրտդ չի դիմանում: Մտածում ես` արցունք թափես ու լաս ուրիշի ցավը, որ համ էլ քոնն է: Բայց հիմա դրա ժամանակը չէ երեւի: Հիմա լացելու ժամանակը չէ: Որովհետեւ՝ եթե ձեռքերդ ծալես ու լաս միայն, նրանց թիվը, ում համար պիտի լացես, ավելի ու ավելի կմեծանա: Հիմա ոգու ժամանակն է: Արտասվել դեռ կհասցնենք, մենք մերոնցով, առանձին, մենք մեզ հետ, իսկ մինչ այդ պիտի անենք այն, ինչ պիտի անենք ու կարող ենք, եւ այն՝ ինչ արդեն անում ենք: Հիմա ոգու ժամանակն է: Հիմա հպարտության ժամանակն է: Հիմա մեր ժպտալու ժամանակն է: Որովհետեւ ժպիտ նշանակում է, որ դու հաղթել ես վախին: Հիմա քաջության ժամանակն է:

Հ.Գ. Հազար ափսոս բոլոր այն տղաներին, ովքեր նահատակվեցին այս օրերին: Բայց եւ էնպիսի հպարտություն կա, որ իրենք ու մենք նույն հողն ունենք, որ մենք նույն երկրի զավակներն ենք:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին’
Հաջորդ հոդվածը‘Մանուկյան. Նրանք բոլորն իսկապես ազգային հերոսներ են’