‘Օբաման լեգիտիմացրեց Տիգրան Սարգսյանին’

1050

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը (Օֆշորի Տիկոն) հուլիսի 14-ին իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:
Հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ Նա հավելեց, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն հայտնեց, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:

Նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Նախագահ Օբաման ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:

Զրուցակիցները ընդգծեցին, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Հիշեցնենք, որ «Ամերիկայի հայկական ֆորումը» ստորագրահավաք է սկսել ընդդեմ ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանին դեսպան նշանակելու: «Change.org» կայքում սկսված ստորագրահավաքի մասնակիցներն իրենց մեկնաբանություններում պնդում են, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, կոռումպացված գործիչ, օլիգարխ, գող, ՀՀ ամենավատ վարչապետը, և պետք է պատասխանատվության ենթարկվի։

 

Նախորդ հոդվածը‘Վիտալի Մանսկու «Գիրքը» ֆիլմը կյանքի իմաստը փնտրելու ուղևորություն է’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Ակունք գյուղի եկեղեցու մոտ’