‘Օբաման կրկին հավաստիացրել է, որ աջակցում է Իսրայելին’

935

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շտապել է հավաստիացնել Իսրայելին, որը չափազանց կոշտ է արձագանքել Լոզանում Իրանի հետ ձեռք բերված պայմանավորավածությանը, թե ԱՄՆ-ը մնում է իսրայելական պետության ամենավճռական կողմնակիցը:

Ինչպես ասել է ամերիկյան նախագահը, Իրանը և տարածաշրջանի բոլոր մյուս պետությունները պետք է իմանան, որ եթե որևէ մեկն ուզենա ուժերը չափել Իսրայելի հետ, ապա ստիպված կլինի գործ ունենալ Ամերիկայի հետ:

Քննադատները Օբամային մեղադրում են, որ նա չափից ավելի է երես  տալիս Թեհրանին՝ հարվածի տակ դնելով Իսրայելի անվտանգությունը: Սակայն New York Times-ին տված հարցազրույցում Օբաման հակադարձել է իրեն քննադատողներին, որոնց թվում նաև նրա կուսակիցներից ոմանք են: Օբամայի խոսքով՝ իսրայելցիներն իրավունք ունեն անհանգստանալու Իրանի առնչությամբ՝ մի երկրի, որը բազմիցս սպառնացել է ոչնչացնել Իսրայելը, որը հերքում է Հոլոքոստը, նաև հանդես է գալիս բացահայտ հակահրեական դիրքերից: «Եթե իմ կառավարման օրոք կամ իմ գործողությունների արդյունքում Իսրայելը ավելի խոցելի վիճակում հայտնվի, ապա ես դա կդիտարկեմ որպես սեփական ձախողում, որպես իմ նախագահության հիմնավոր ձախողում»,- ասել է նա:

Սա արդեն երկրորդ անգամ է, որ Օբաման փորձում է մեղմել Մերձավոր Արևելքում իր հիմնական գործընկերոջ անհանգստությունը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Չինացի Կազանովան բացահայտվել է, երբ ավտովթարի է ենթարկվել’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսները Facebook-ում «Պորտաբույծների կուսակցություն» են ստեղծել’