‘Օզբիլիս. «Եթե թիմը մեկ լեզվով է խոսում, ֆուտբոլիստների միջև տարբերությունը երկրորդ պլան է մղվում»’

1545

«Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով այժմ հանդես է գալիս իսպանական «Ռայո Վալյեկանոյում», պատմել է, որ մոսկովյան ակումբում խաղալու տարիներին զգացել է ֆուտբոլիստների խմբավորում ռուսների և լեգեոներների։ Հայ ֆուտբոլիստը «Սպարտակում» խաղացել է 2013-2015թթ.։

-Տարբերակումն ամենաշատն զգացվում էր «Սպարտակ» տեղափոխվելուցս հետո՝ առաջին տարում, երբ հատկապես հարավամերիկացի ֆուտբոլիստներն էին շատ։ Նրանք ռուսներից շատ տարբեր են։ Բացի այդ, լեգեոներներն ավելի շատ էին վաստակում, իսկ Կարպինը նրանց հետ իսպաներեն էր խոսում. ռուսներին այդ ամենը դուր չէր գալիս։

Եթե ուզում ես եվրոպական ակումբում խաղալ, ապա պետք է սովորես այդ երկրի լեզուն, և կապ չունի՝ դու որտեղից ես։ Ես ասացի Ասխաբաձեին. «Դուք այդքան մեծ գումարներ եք վճարում ֆուտբոլիստներին, մեկ ամսով հավաքների եք տանում, ինչո՞ւ չեք կարող նաև մեկ ուսուցչի վարձել, թեկուզ մեկ ամսով։ Ի՞նչ արժե դա, երկու հազար դոլա՞ր»։ Եթե թիմը մեկ լեզվով է խոսում, ֆուտբոլիստների միջև տարբերությունը երկրորդ պլան է մղվում։

Նման հարցերը լուծելու համար ոչ միայն լավ մարզիչ է անհրաժեշտ, այլև լավ մենեջեր, ով կհասկանա յուրաքանչյուր ֆուտբոլիստի մշակույթն ու կաշխատի թիմի մթնոլորտի վրա։ Եթե այդպիսի մասնագետ չկա, շատերի համար ակումբը տան չի վերածվի։ Դրանք պարզ բաներ են, բայց շատ բան են փոխում,-ասել է Օզբիլիսը։

Նախորդ հոդվածը‘Նեյմար. «Մեսսին լավագույնն է, իսկ Ալվեսն իմ լավագույն ընկերն է ֆուտբոլային աշխարհում»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Աղոթում եմ Արցախի խաղաղության համար’