‘Օրերս համաներմամբ ազատ արձակվածը մեղադրվում է 15-ամյա պատանու սպանության մեջ ‘

1064

Հեկտեմբերի 12-ին, Վանաձորի Երկաթուղայինների այգու հարակից տարածքում սպանություն էր տեղի ունեցել, տեղեկացնում է Hraparak.am-ը:

Ըստ աղբյուրի, սպանվողը՝ 15-ամյա Դավիթ Հովակիմյանը, Լոռու մարզ էր ժամանել ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար՝ Երեւանից:

Նախնական տեղեկություններով, սպանության պատճառը եղել է 2 երիտասարդների փոքրիկ վեճը, որն ավարտվել է ողբերգությամբ:

Չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո տղաներից մի քանիսը մոտենում են մարզչին, գումար խնդրում, որպեսզի բուֆետում նշեն իրենց հաղթանակը: Մինչ պատանիները կհասցնեին հյութ պատվիրել, բուֆետում նստած մի քանի հոգի մոտենում են նրանց եւ բղավում. «Երկար չնայեցի՞ք, արա»: Տղաներից մեկը փորձում է պարզել, թե ինչի մասին է խոսքը, բայց չի հասցնում. «Քուրդ» մականունով Կարեն Կունգորցեւը ինչ-որ սուր, ծակող գործիքով հարվածում է Դավիթ Հովակիմյանին եւ հեռանում: Պատանիների հաղորդմամբ` այդ ամենն այնքան արագ է կատարվում, որ նրանցից ոչ ոք չի տեսնում հարվածի պահը:

Այդուհանդերձ, հաջողվել է դեպքի հետ կապված որոշ մանրամասներ պարզել: Հարվածից հետո Դավիթին տարել են հիվանդանոց, որտեղ, ըստ չճշտված տվյալների, բժիշկներն անմիջապես չեն վիրահատել նրան. հարազատներից մեկի ստորագրությունն են պահանջել: Վիրահատությունն ի վերջո կատարվել է, բայց Դավիթի կյանքը փրկել չի հաջողվել:

Ի դեպ, մահացածի հարեւանները տեղեկացրել են, որ 22-ամյա ենթադրյալ մարդասպանը  նախկինում 3 անգամ դատապարտված է եղել եւ մի քանի օր առաջ է համաներմամբ ազատ արձակվել:

 

Նախորդ հոդվածը‘Համաներմամբ ազատ է արձակվել 517 դատապարտյալ’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՀԿ-ն դիտարկում կանցկացնի Հադրութի ուղղությամբ’