‘Օրվա համառոտ ամփոփում’

931

Այսօր վաղ առավոտից լարված վիճակ էր Բյուզանդի 87/1 հասցեում, որտեղ ինչպես արդեն հայտնել էինք՝ Բարսեղ Բեգլարյանին (Ֆլեշի Բարսեղին) պատկանող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ն իրականացնում է 16 հարկանի շենքի շինարարություն: Տեսնելով բանվորների և տեխնիկայի մուտքը շինհրապարակ՝ հարակից շենքերի բնակիչները փորձել են նորից կասեցնել շինարարությունը, սակայն տեղում հայտնված Ֆլեշի Բարսեղի սադրիչները ուժ և սպառնալիքներ են կիրառել բողոքող բնակիչների նկատմամբ: 

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Հովիկ Աբրահամյանի կողմից կայացրած որոշմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշել է, որ համոզված է ՝ ԵԽԽՎ-ն կմերժի, քանի որ տեղի է ունեցել  կանոնակարգի և համապատասխան բանաձևի խախտում:  

Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հոկտեմբերի 24-ին շարունակվեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայցի քննությունն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի, ում Խաչատրյանը՝ հայտնի Լիսկան, մեղադրում է զրպարտության մեջ և պահանջում 1,5 մլն դրամ փոխհատուցում: Այսօրվա դատաքննության ժամանակ ի հայտ եկան որոշ անճշտություններ, մասնավորապես, Խաչատրյանի անձնագրի համարը չէր համընկնում հայցադիմումում նշված համարին: Դատական նիստը շարունակելու նպատակով կարիք եղավ դատարանի դահալիճ հրավիրել նախկին մարզպետին՝ Լիսկային:

Շավարշ Քոչարյանը այսօր անդրադարձել է երեկ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին՝ նշելով, որ ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող ձևակերպումները հակասում են Եվրոպական Միության պաշտոնական դիրքորոշմանը: 

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության նորանշանակ պետ Գագիկ Խաչիկյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն: Իսկ Գագիկ Կոստանյանի  հրամանով այսօր աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզի դատախազ Վահրամ Մարգարյանը:

 

Մոտ մեկ ամիս առաջ կալանավորված ազատամարտիկ,պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ օրեր առաջ ՊՆ քննչական մարմինը խարդախություն կատարելու մասին նոր մեղադրանք է առաջադրել: 

ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կարող է հանգեցնել Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառության կրճատման: Դեսպանն ափսոսանքով է խոսել ՄՄ-ին անդամակցելու ճանապարհով ընթանալու մասին: 

Արցախյան ազատամարտի մասնակից մի շարք հրամանատարներ այսօր հանդես են եկել հրապարակային հայտարարությամբ, որի համար առիթ է հանդիսացել Արցախի հերոս Զորի Բալայանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: 

Երեկոյան տարածվեց հերթական բոթը. հերթական ավտովթարը՝ այս անգամ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին: Արդյունքում 3 զոհ, 4 վիրավոր:

Ղազախստանի նապագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է Թուրքիային ընդունել Մաքսային միություն և լուծարել Եվրասիական տնտեսական համագործակցությունը (ԵվրաԶԷՍ): Նա նշել է նաև, Մաքսային միության անդամ դառնալու համար Հայաստանը պետք է անցնի Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի անցած ճանապարհով: 

Օրվա մի մաս են դարձել նաև մեր խմբագրականները, որոնք չարժե բաց թողնել: 

Նախորդ հոդվածը‘Խոշոր վթար Արագածոտնի մարզում. 3 զոհ, 4 վիրավոր ‘
Հաջորդ հոդվածը‘Մինսկում հաստատվել է Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու փաստաթուղթը’