‘Օրվա համառոտ ամփոփում’

897

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր ստորագրել է հայ — ռուսական վիճահարույց գազային համաձայնագրերը: Հիշեցնենք, որ խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պնդում են, որ երեկ այս փաստաթղթերի վավերացման հարցով քվեարկությունը անօրինական է եղել, ուստի դրանք սահմանված կարգով չեն հաստատվել: 

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ:

Այսօր գիշերը Երևանում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նրա վիճակը գնահատվում է ոչ ծանր, կայուն: 

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի Ազգային ժողովում հայ-ռուսական գազային պայմանագրերի քվեարկության վերաբերյալ բողոքի ակցիաներին այս անգամ անդրադարձ է կատարել Քաթարից հեռարձակվող «Ալ Ջազիրա» (Al Jazeera)  հեռուստաալիքը:

Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի մեծամասնությունը` Արծվիկ Մինասյանը, Թեւան Պողոսյանը, Լյուդմիլա Սարգսյանը եւ Տիգրան Ուրիխանյանը դեկտեմբերի 26-ին հանձնաժողովի արտահերթ նիստ են հրավիրել`օրակարգում ներառելով դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում ոչ էլեկտրոնային եղանակով քվեարկության հաշվարկի օրինականության հարցը եւ կազմակերպական այլ հարցեր: Տեսանյութ

Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի և Արտակ Բուդաղյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարել է, որ եթե Ավետիք Բուդաղյանի մասով գործը չուղարկեն դատարան, շատ կարճ ժամանակ հետո եվրոպական դատարանից խայտառակ վճիռ են ունենալու, եւ դա առավել խայտառակ է լինելու, քանի որ Գեւորգ Կոստանյանի ձեռքով է ստեղծվել այս իրավիճակը, իսկ Կոստանյանը եվրոպական դատարանում ներկայացնում է Հայաստանը: 

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում բացվել է նկարիչ, մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ֆոտոշարքը կարող եք դիտել այստեղ:

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր ստորագրած որոշմամբ ԼՂՀ վարչապետի մամլո քարտուղար է նշանակվել Արտակ Բեգլարյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի օգնականի պաշտոնը: Արտակ Բեգլարյանը, պատերազմի ժամանակ՝ 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը: Բայց դա չի խանգարել վերջինիս ուսումը շարունակել եւ աշխատանք գտնել:

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենը այսօր իր տված հարցազրույցում հայտարարել է, որ չնայած բոլոր հանգամանքներին, համոզված է, որ ինչպես և նախկինում, այժմ էլ ծառայում է ԱԱԳ-ի շահերին:

Եւ վերջում` չմոռանանք մեր օրվա մի մաս դարձած խմբագրականի մասին:


Նախորդ հոդվածը‘Բացվեց Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը. Ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘Պարզվում է, որ Արման Սահակյանը արդեն գիտությունների թեկնածու է. Մամուլ’