‘Բացվեց Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը. Ֆոտոշարք’

1863

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակում բացվեց նկարիչ, մտավորական, հասարակական-քաղաքական գործիչ Վանիկ Մանուկյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վանիկ Սուրենի Մանուկյանը ծնվել է 1948 թ. նոյեմբերի 3-ին, Սպիտակի շրջանի Չիգդամալ (ներկայիս Արևաշող) գյուղում: Վաղ տարիքում տեղափոխվել է Կիրովական:

Դպրոցում ուսուցիչներից մեկը նկատել է նկարչի նրա տաղանդն ու աշխատանքների ցուցահանդես կազմակերպել: 1969 թ. ավարտել է Երևանի գեղարվեստի տեխնիկական ուսումնարանը, իսկ 1976 թ.-ին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ դառնալով նկարիչ-կոնստրուկտոր: Որպես նկարիչ-ձևավորող աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, ձևավորումներ է արել «Գարուն», «Ծիծեռնակ», «Պիոներ» ամսագրերի համար: Կատարել է մոնումենտալ ձևավորման աշխատանքներ Երևանում, Վանաձորում, Սպիտակում: 1980 թ.-ից եղել է գրադարանների կենտրոնացված համակարգի նկարիչը: Բազմաթիվ կտավների հեղինակ է:

Կերպարվեստ է դասավանդել Վանաձորի թիվ 9, թիվ 18 դպրոցներում, պոլիտեխնիկական ինստիտուտում, Վանաձորի թիվ 1 ազգային վարժարանում, Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում:

1988 թ.-ից եղել է Ղարաբաղյան շարժման մասնակից, Կիրովականի «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր-անդամ,  տարիներ շարունակ ՀՀՇ կուսակցության Վանաձորի և Լոռու մարզի խորհուրդների նախագահ, ընտրվել է ՀՀՇ հանրապետական խորհրդի եւ վարչության անդամ: Ակտիվ մասնակցություն է ունեցել առաջին կամավորական ջոկատների ձևավորմանը, այնուհետև՝  բանակաշինությանը: Եղել է Վանաձորի քաղխորհրդի կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ և նախագահության անդամ: 2007 թվականից ակտիվորեն ներգրավվել է համաժողովրդական շարժմանը, 2008թ. փետրվարին Ազատության հրապարակում մասնակցել է տասնօրյա նստացույցին: Կյանքից հեռացել է 2013 թվականին:

Ունի կին, երկու որդի և ութ թոռնիկ:

Մեծ հոգով, փոքր մարմնով, աշխատասեր, բուռն, անզիջում, ծայրահեղ ազնիվ ու անընչասեր մարդ էր:

Նախորդ հոդվածը‘2013-ի 11 ամենաազդեցիկ գեղարվեստական կերպարները’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’