‘Օրվա համառոտ ամփոփում’

1029

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!եմ եմ» նախաձեռնությունը այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել  է ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ Սերժ Սարգսյանի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը՝ այն որակելով որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա: 

ՉԻ-ի լրագրող Անի Գևորգյանը փետրվարի 12-ի դեպքերի հետ կապված այսօր Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ կապված երեք դրվագների հետ: 

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտվել է «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցով քննարկումը, որին մասնակցել են բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում քաղաքական մեծամասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը՝ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, որը պետք է ուսումնասիրեր 300 միլիոն պարտքի գոյացման աղբյուրը, սակագնի ձեւավորման հարցը եւ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը: Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովը կստեղծվի, արդեն մեծամասնության նախաձեռնությամբ եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: 

Երեւանում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը հայտարարել է, որ ԱՊՊԱ պայմանագրեր չկնքած տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ կիրառվող աբսուրդային սանկցիաներն արժանացել են հասարակության խիստ բացասական արձագանքին: «2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած կառավարության նախաձեռնությունը, որով տրանսպորտային միջոցների ապահովագրությունը նախատեսվում է անկախ գրանցման ժամկետներից, խառնաշփոթից բացի ոչ մի նոր բան չառաջացրեց:»,- նշել է Հովհաննիսյանը: 

Հայաստանում սպասվում են ուսանողական և աշխատանքային գործադուլներ, տարբեր զանգվածային միջոցառումներ և երթեր` ընդդեմ կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է «Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը: Նրա խոսքով, տեղում ինքնակազմակերպման միջոցներ կձեռնարկվեն: 

Փետրվարի 16-ին ցուցարարներից «ազատագրված» Կիեւի քաղաքապետարանը այսօր վերանվաճվել է ցուցարարների կողմից: Չնայած ներկայումս իշխանությունների հետ տարվող բանակցություններին՝ ընդդիմադիրները չեն պատրաստվում լքել շենքը: Կատարվածի վերաբերյալ ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Նարնջագույն հեղափուխության կոալիցիայի» ղեկավար Սերգեյ Մելնիչենկոն: 

Լեռնային Ղարաբաղի հանրապետության Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանը այսօր մասնակցել է Եվրոպական ազատ դաշինքի (ԵԱԴ) 12-րդ վեհաժողովին, որտեղ ներկայացրել է Ղարաբաղի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման ուղին, ընդգծելով, որ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեն կազմակերպվել և ընթացել է գործող օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, որը կարելի է առաջին հաջողված դեպքը համարել Եվրոպայի տարածքում: 

Եվ վերջում չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին: 

Նախորդ հոդվածը‘Վենեսուելայի նախագահ. ԱՄՆ-ն իրականացնում է իմպերիալիստական քաղաքականություն’
Հաջորդ հոդվածը‘Երբ գյուղապետերը արտագաղթում են, ինչպե՞ս վարվի գյուղացին. «Հրապարակ»’