‘Օրվա համառոտ ամփոփում’

1009

Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներն այսօր բողոքի ցույց անցկացրեցին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման: Նրանք իրենց մտահոգություններով նամակ հանձնեցին օմբուդսմենին: Ատոմակայանի արտադրամասի հերթափոխի պետ Գարիկ Զաքարյանը iLur.am-ին փոխանցեց, որ ՄԻՊ-ին ուղղված նամակի տակ ստորագրել են շուրջ 700 աշխատակիցներ: 

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով փետրվարի 11-13-ը մասնակցել էր «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին, այսօր հայտարարել է, որ Երևանի և Բրյուսելի համագործակցությանն առանցքային հարցերում, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում, խոչընդոտում են որոշ հանգամանքներ, մասնավորապես, եվրոպացիների անորոշությունը` ՄՄ-ին Հայաստանի անդամակցման հետևանքների առումով: Նրա խոսքերով, Եվրամիությունը բավարար պատկերացումներ չունի Հայաստանի հետ համագործակցության ոլորտների շուրջ:

Այսօր Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Արտակ Գաբրիելյանի բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ 2004 թվականին Արտակ Գաբրիելյանը ձերբակալվել էր հանրահավաքի թռուցիկներ բաժանելու ժամանակ եւ դատապարտվել 1 տարի ազատազրկման, որից հետո պայմանականորեն ազատ էր արձակվել: Նա մեղադրվում էր իշխանությունների տապալման կոչ անելու համար: 

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը փետրվարի 18-ին միաձայն քվեարկությամբ ընտրվել է պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ Աբրահամ Մանուկյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և խոստացել է  անել հնարավորը՝ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքի կազմակերպման և իրականացման համար: 

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր փակ դահլիճում ներկայացրեց իր «ազգային տարեկան ուղերձը»: Մինչ ելույթն սկսելը, նա ավանդույթի համաձայն՝ մոտեցավ եւ ձեռքով բարեւեց բլոր հավաքվածներին: Իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ 2013-ի փետրվարի 18-ին տեղի ունեցած, կեղծված նախագահական ընտրություններին, եւ հետընտրական գործընթացներին՝ խորհուրդ տալով իր գործընկերներին չխոսել ժողովրդի անունից: 

Հայաստանը փորձում է պահպանել ներմուծվող ավտոմեքենաների, ինչպես նաև «զգայուն» խմբի որոշ ապրանքների մաքսային սակագները նաև Մաքսային միությանը միանալուց հետո: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը: Նրա խոսքերով, «զգայուն» խմբում են նաև պանիրը, դեղամիջոցները, յուղերը, շաքարավազը և այլ ապրանքներ, որոնք Հայաստանը ներմուծում է, չունենալով  արտադրելու ներուժ:

Մոտ 200 ակտիվիստներ այսօր Կիեւում գրավել են իշխող՝ Ռեգիոնների կուսակցության գրասենյակը: Ըստ նախնական տվյալների, գրոհի ժամանակ ակտիվիստները օգտագործել են քարեր եւ պայթուցիկ խառնուրդներով շշեր: 

Հազիվ էին ուրկրաինական քաղաքական հակամարտության կողմերը կարծես՝ եկել համաձայնության, երբ կենտրոնում իրավիճակը նորից լարվեց: Գրուշեվսկայա փողոցում նորից անվադողեր են վառվում: Հաղորդվում է, որ ավելի ծայրահեղ տրամադրված ակտիվիստները երկու բեռնատար մեքենա են կրակի տվել, որոնցով իշխանությունները արգելափակել էին Շելկովիչնայա փողոցը: 

Արդյունքում՝ սպանվել է երեք քաղաքացի, իսկը յոթը գտնվում են մահամերձ վիճակում:

Եվ վերջում՝ iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ:

Նախորդ հոդվածը‘Հ. Բագրատյան. ԵՄ-ը փորձում է հստակեցնել ՀՀ-ի հետ էներգետիկ համագործակցության սահմանները’
Հաջորդ հոդվածը‘Փախուստ բանտից. ամենահիշարժան դեպքերը’