‘Հ. Բագրատյան. ԵՄ-ը փորձում է հստակեցնել ՀՀ-ի հետ էներգետիկ համագործակցության սահմանները’

1112

Հայաստանի և Եվրամիության միջև վերականգնվող էներգետիկայի ոլորտում գոյություն ունի համագործակցության հսկայական ներուժ: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով փետրվարի 11-13-ը մասնակցել էր «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի նիստին:

Նրա կարծիքով, Երևանի և Բրյուսելի համագործակցությանն առանցքային հարցերում, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում, խոչընդոտում են որոշ հանգամանքներ, մասնավորապես, եվրոպացիների անորոշությունը` ՄՄ-ին Հայաստանի անդամակցման հետևանքների առումով: Նրա խոսքերով, Եվրամիությունը բավարար պատկերացումներ չունի Հայաստանի հետ համագործակցության ոլորտների շուրջ:

«Վերականգնվող էներգետիկայի զարգացման վերաբերյալ Եվրանեսթի նստաշրջանում հայտարարվեց, որ Ճապոնիայում, Ֆուկուսիմայի վթարից հետո, արևի և քամու էներգիան օգտագործելու նոր հմարավորություններ են ի հայտ եկել: Ավելին, պարզվում է, որ եթե այսօր արևի և քամու էներգիայի ստացման արժեքը Հայաստանում կազմում է 40 դրամ, ապա Ճապոնիայում այն երկու անգամ էժան է: Այստեղ հարց է առաջանում, ունե՞նք արդյոք արևի և քամու էներգիան ստանալու իրավունք: Չէ՞ որ մենք պարտավորվել ենք էներգիայի անհրաժեշտ ծավալ գնել կոնկրետ մատակարարից, տվյալ պարագայում` Ռուսաստանից: Հարկավոր է պարզել, թե էներգետիկ ոլորտի ինչպիսի՞ կոնկրետ հարցեր են գտնվում մեր իրավասության ներքո: Եվրոպան մեզ կոչ է անում ճշգրտել այդ հարցերը և կազմել ընդհանուր օրակարգ»,-ասել է Բագրատյանը:

Նա հիշեցրել է, որ եվրոպացիներն այսօր հսկայական միջոցներ են ուղղում էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացմանը: «Հետևելով այդ տրենդներին, ես անգամ սկսել եմ մտածել այն մասին, թե արդյո՞ք անհրաժեշտ է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելը: Մեր կառավարությունն իրեն համար պետք է հստակեցնի, թե ինչ է նա ուզում Եվրոպայից»,-գտնում է նախկին վարչապետը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում կնկարահանեն «Անունս Բրյուս Լի է» ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’