‘Օրվա համառոտ ամփոփում’

863

Օրը համեմատաբար հանգիստ էր. Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող» ժամանակավոր հանձնաժողովը այսօր գումարեց  իր առաջին նիստը: iLur.am-ի հետ զրույցում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին կազմակերպչական խնդիրներ, որոնք բաժանվեցին չորս ենթախմբերի: «Չորս խմբերում զուգահեռաբար ուսումնասիրվելուց հետո դրանք պետք է ներկայացվեն ընդհանուր քննարկման»,- հավելեց Մանուկյանը՝ նշելով, որ ցանկություն է հայտնել ընդգրկվելու սակագինն ուսումնասիրող խմբի մեջ: 

Երեկ ՝ մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվել են Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխել են տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերել են Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն: 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է պարզաբանել ԴԱՀԿ աշխատակիցների գործողությունների թերացումները: Այս թեմայի շուրջ ՄԻՊ-ը այսօր տարածել է պաշտոնական հայտարարություն, որը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Այսօր zham.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Կոնգրեսի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, նշել է, որ առաջին նախագահի հավասարակշիռ եւ խոհեմ բանաձեւը պետք է շատերի համար ուսանելի լինի՝ հավելելով, որ դա ենթադրում է ծանր աշխատանք, քանզի լուրջ քաղաքական ուժերը չեն կարող ուղղորդվել միայն մերժելու, հեռացնելու կոչերով: «Դրան զուգահեռ դու պիտի առաջարկես համատեղ ծրագիր, օրակարգ, ճանապարհային քարտեզ եւ որ ամենակարեւորն է` լայն հասարակական-քաղաքական կոնսոլիդացիա»- ընդգծել է նա: 

Ծաղկաձորի Կեչառիս վանական համալիրի բակում մարտի 2-ին տեղի ունեցավ Համահայկական առաջին ձմեռային խաղերի փակման արարողությունը: Խաղերին մասնակցության հայտ էր ներկայացրել 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղերի ընթացքում խաղարկվել է 39 մեդալ, 1 գավաթ: Ֆոտոշարք 

Աշխարհի յոթ առաջատար երկրները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով դատապարտել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տարածք և չեղյալ են հայտարարել  հունիսին Սոչիում կայանալիք «Մեծ ությակի» գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները: 

Իսկ Ռուսաստանի նախագահ Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո համաձայնել է Ղրիմի իրավիճակի առնչությամբ ԵԱՀԿ հովանու ներքո ստեղծել հանձնաժողով, թեպետ նաև նշել է, թե Ռուսաստանի կողմից ձեռք առնվող միջոցառումները «միանգամայն համահունչ են ստեղծված արտակարգ իրավիճակին»: 

Կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, Նյու Յորքում «Ազատության երթ՝ դեպի Ռուսաստանի հյուպատոսություն» ընդհանուր կարգախոսով մի շարք ցույցեր են տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանի ներխուժման Ղրիմ: Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ հավաքված ցուցարարները մեկուկես ժամ վանկարկել են տարբեր կարգախոսներ, երգել ուկարինական երգեր և ծածանել դեղնակապույտ դրոշակներ: 

Ուկրաինայի արևելքում չի դադարում հանրահավաքային ակտիվությունը. Դոնեցկում և Լուգանսկում ռուսաստանամետ ցույցերի  կողքին Խարկովում ցույց է տեղի ունեցել ընդդեմ Ռուսաստանի ներխուժման Ուկրաինա: Մարդիկ քաղաքի կենտրոնով երթ են արել ուկրաինական դրոշներով և «Պուտի՛ն, հեռացիր» վանկարկումներով: 

Եվ վերջում , iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

Նախորդ հոդվածը‘Ղրիմում հայտարարել են, որ ավիաբրիգադան անցել է իրենց կողմը’
Հաջորդ հոդվածը‘Արսենի Յացենյուկ. «Ուկրաինան աղետի եզրին է»’