‘Օրվա համառոտ ամփոփում’

1046

Մինչ անցնելը օրվա հիմնական իրադարձություններին, հայտնենք, որ ժամեր առաջ Վանաձոր-Ալավերդի հատվածում` Դսեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչը խոչընդոտել երթևեկությանը: Հարյուրավոր մեքենաներ հայտնվել են խցանման մեջ։ 

* * *

Պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Շվեյցարիայի նախագահների երկկողմ, ապա՝ պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: 

Մինչ Հայաստան այցելելը՝ տարածաշրջանային այցի շրժանակներում ԵԱՀԿ նախագահը գտվել է Ադրբեջանում եւ Վրաստանում: Նախապես տարածված հայտարարության մեջ նա նշել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերի հանդիպումը կարող է հիմք հանդիսանալ կառուցողական բանակցությունների անցկացման համար: Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է անցկացվի Մադրիդյան սկզբունքներով: 

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հունիսի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական էներգետիկ համագործակցությանն առնչվող հարցերն ու համատեղ իրականացվող նախագծերը: 

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանի իշխանությունների «դիվանագիտական ձախողումն» է համարել Աստանայի վերջին զարգացումները: Զուրաբյանը «անհաջող» է որակել Սերժ Սարգսյանի պարզաբանումները, թե՝ «Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»։ 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց «Հարսնաքարի» գործով բողոքի քննությունը: Նիստի ժամանակ ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց գործի՝ հանրային հնչեղություն ձեռք բերած լինելու հանգամանքի վրա:  Նա նշեց, որ մարտի 24-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի կողմից կայացված նման դատավճիռը նպատակ էր հետապնդնում բավարարելու հասարակության դժգոհ ներկայացուցիչների կամքը, այլ ոչ թե արդարադատության պահանջը: 

Վերջերս տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ձերբակալված Գոռ Առաքելյանը օրեր առաջ ազատ է արձակվել: Անդրադառնալով այս հանգամանքին՝ նրա պաշտպանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը նույնպես այդ մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Նման հնարավորություն օրենքը նախատեսում է, արգելք չկա, որ կարող է խափանման միջոցը փոխվել, սակայն նման միջնորդությամբ մենք հանդես չենք եկել:»,- ասաց նա:

Եվրոպա կատարելիք քառօրյա շրջագայության շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունիսի 3-ին ժամանել է Լեհաստան: Օդանավակայանում նրան դիմավորել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Հանդիսավոր դիմավորման ընթացքում Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Արևելյան Եվրոպային տրված անվտանգության երաշխիքները «սրբազան են»: 

Սիրիայում այսօր նախագահական ընտրություններ են տեղի ունենում արդեն երեք տարի չդադարող արյունալի քաղաքացիական պատերազմի պայմաններում: Սիրիայի ընդդիմությունը, օգտվելով Արևմուտքի աջակցությունից, այս ընտրություններն անվանել է խեղաթյուրում  ու կոչ է արել բոյկոտել դրանք: Քվեարկությունը տեղի է ունենում միայն այն շրջաններում, որոնք գտնվում են կառավարական զորքերի վերահսկողության տակ: 

Ֆրանսիական ոստիկանությունը հայտարարություն է տարածել Փարիզում  և երկրի հարավում չորս անձանց ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Սիրիայի քաղաքացիական պատերազմին մասնակցելու համար իսլամիստների հավաքագրել մեջ: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Հավաքական, որ մենք այդպես էլ չենք տեսնի’
Հաջորդ հոդվածը‘Ավարտվել է ոստիկանի կողմից բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քր. գործի նախաքննությունը’