‘Օրվա համառոտ ամփոփում’

1137

Հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը այսօրվա դրությամբ շարունակում է մնալ մոսկովյան «Մատրոսսկայա տիշինա» մեկուսարանի բուժմասում: Բժիշկների հավաստմամբ՝ նրա առողջական վիճակը բավարար չէ կալանքի տակ մնալու համար: Artsakh Today-ի մամուլի կենտրոնի հաղորդման համաձայն՝ այսօր Հայրապետյանին մեղադրանք կառաջադրեն: Մոսկվայում է գտնվում նաև Լևոն Հայրապետյանի եղբայրը` Վլադիմիր Հայրապետյանը՝ իր որդու՝ Գուրգենի հետ: 

Ռուսաստանում անցած տարվա հուլիսի 13-ին վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլ, որտեղ մեղադրյալի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը: Այս մասին հայտնել է մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը: «Հուլիսի 24-ից սկսվում է դատական վիճաբանությունների փուլը, որտեղ Հրաչյա Հարությունյանի փաստաբանը կներկայացնի իր կարծիքը կատարվածի վերաբերյալ: Այնուհետեւ արդեն կլինի ամբաստանյալի վերջին խոսքի փուլը, որից հետո էլ արդեն դատավճիռը կհրապարակվի: Կարծում եմ, որ մեկ-երկու ամսից արդեն դատական ակտը պատրաստ կլինի»,- ասել է նա: 

Այսօր հերթական նիստի ժամանակ Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, որի գործունեության նպատակներն են լինելու հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կառավարության հերթական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում չի ցանակացել մեկնաբանել այն հանգամանքը, որ Վոլոդյա Ավետիսյանը նոր կառավարության օրոք համարվում է առաջին քաղբանտարկյալը, ում դատավճիռը արդեն իսկ հրապարակվել է:  Մանուկյանը գնահատական չի տվել նաեւ դատական ակտին: «Ենթադրում եմ, որ դեռեւս բողոքարկման մեխանիզմներ են լինելու, այդ իսկ պատճառով ես որպես իրավաբան եւ նախկին դատավոր կսպասեմ վերջնական դատական ակտին»,- նշել է Արդարադատության նախարարը: 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ անդրադառնալով մամուլում տարածված  տեղեկություններին, ըստ որոնց՝ նա ծեծի է ենթարկել Արման Բաբիկյանին («Զուբ»), երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Խորը ափսոսանքով տեղեկացա լրատվական կայքերում հրապարակված, սակայն իրականության հետ որեւէ կապ չունեցող եւ տրամաբանական անգամ աննշան հիմքեր չունեցող այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝  ես՝ Դավիթ Սեդրակյանս, սույն թվականի հուլիսի 22-ի կեսգիշերին կազմակերպել եմ Արման Բաբիկյան անունով (ըստ մամուլի հրապարակումների՝ «Զուբ» մականունով) մի անձնավորության ծեծը»: 

Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ առաջնային պետք է դառնա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Ես ԵԱՀԿ ներկայացուցիչներին հիշեցրեցի, որ, չնայած գլոբալ խնդիրներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է առաջնային լինի», — գրել է դիվանագետը «Թուիթերի» իր էջում:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է չեզոք միջնորդ լինել Ադրբեջանի քաղաքացի Հասան Հասանովի մարմնի հայրենադարձության ժամանակ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նաև հաստատել է տեղեկատվությունը, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ ներկայացուցիչներին տրամադրվել են սպանվածի լուսանկարները, որոնք ցույց են տրվել նրա հարազատներին և ճանաչվել նրանց կողմից: 

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօրվա դրությամբ հացադուլի մեջ են գտնվում երեք անձինք, որոնցից մեկը ցմահ դատապարտյալ է, իսկ մյուս երկուսը՝ մեղադրյալներ: Այս մասին iLur.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Նրա խոսքով՝ հացադուլի մեջ գտնվողnերից երկուսը բողոքում են իրենց դեմ հարուցված քրեական գործերից, իսկ երորրդը դատավճռից: Բոլոր հացադուլավորները գտնվում են բժիշկների հսկողության տակ, նրանց անունները չեն հրապարակվում: 

Air Algerie ավիաընկերության օդանավը հուլիսի 24-ին կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մոտ: Օդանավում եղել են 110 ուղևորներ և անձնակազմի 6 անդամներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: 

Եվ վերջում, iLur.am-ի այսօրվա խմբագրականը կարող եք կարդալ այստեղ

 

Նախորդ հոդվածը‘Շիրակի մարզում սպանել են ռեկտորի եղբորը’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը Սոչի էր գնացել. Պետբյուջեի գումարները 19 մլն-ով պակասել են. «Ժողովուրդ»’