‘Օրվա ցիտատը Facebook-ից. Երջանիկ Աբգարյան. Մազութ լափողը Կադաստրի շենքում է ‘

3856

«Ֆեյսբուքի» օգտատեր Երջանիկ Աբգարյանն իր էջում նշում է, որ այսօր, «երբ Հայաստանն ու հայ ժողովուդը կանգնած են կործանման եզրին (1920թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան, երբ առաջին հանրապետության քաղաքացիներն արթնացան քնից, իմացան, որ իրենց երկիրը կորցրել է անկախությունը եւ հանձնվել է ռուսին ու թուրքին)» որոշ մարդիկ հիշում են «մազութի լափելը», «այն ցուրտ ու մութ տարիները», ծառերը կտրելը եւ այլն: 

«Մազութի լափվելը եղել է եւ դրա լափողին գտնելու համար կարիք չկա ակնարկներով եւ խորհրդավոր այլաբանություններով խոսել, այլ ուղղակի հարկավոր է գնալ Պետական կադաստրի շենքը, մտնել նրա ղեկավարի կաբինետը եւ Պանիկովսկու նման հարցնել նրան. «Բենդե՛ր, է՜, չէ՝ Երվա՛նդ, ի՞նչ եղան մեր փողերը»: Մազութի գործի մասին առաջին անգամ իմացա, եթե չեմ սխալվում, 1993թ. աշնանը՝ կառավարության առավոտյան գումարվող մի դիսպետչերականի ժամանակ: Ուշացած նիստերի դահլիճ մտավ վարչապետ Հրանտ Բագրատյանը, նույնիսկ չբարեւեց դահլիճին եւ միանգամից վրա տվեց. «Էս ի՞նչ է կատարվում, մի քանի ամիս առաջ մենք պատվիրել ենք մազութը ներկրել, այդ մազութը արդեն 15 անգամ կարող էր Կալինինգրադից հասնել Վլադիվոստոկ եւ ետ վերադառնալ: Որտե՞ղ է գլխավոր դատախազը»:

Արտավազդ Գեւորգյանը, չնայած արդեն տարիքն առած մարդ էր, աշխուժորեն վեր թռավ տեղից: Բագրատյանը շարունակեց. «Հենց հիմա գործ կհարուցե՛ս»:

Արդեն երեկոյան ես իմացա, որ Նյութական ռեսուրսների նախարարի տեղակալ Երվանդ Զախարյանը փախել է Հայաստանից: Հաջորդ օրը իմացա, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Որոշ ժամանակ անց իմացա, որ Մոսկվա է մեկնում պաշտպանության նախարար Սերժիկ Սարգսյանը եւ որ նրան հանձնարարված է ռուսների օգնությամբ գտնել Զախարյանին եւ Երեւան բերել: Սերժիկը Երեւան վերադարձավ ձեռնունայն. չէ՜ր գտել: Դրանից ոչ շատ ժամանակ անց Սերժիկը իր ծառայողական «Վոլգան» փոխարինեց ջիփով եւ համարյա ամիսը մեկ «Հունաստան» մարդ էր ուղարկում: Չար լեզուները սկսեցին խոսել այն մասին, որ նրա համար Շվեյցարական բանկերից մեկում հաշիվ են բացել: Այդուհետեւ Ե.Զախարյանի մասին ես լսեցի 1998-ի պետական հեղաշրջումից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 11-ին նա իր ընկերների հետ նշել էր իր վերադարձը Երեւանին մերձակա ռեստորաններից մեկում: Չնայած հետախուզումը նրա վրայից չէր հանվել, նրան չձերբակալեցին ո՛չ այդ ժամանակ եւ ո՛չ էլ նրանից հետո, երբ «մազութի գործով» կազմակերպված ռոբիկասերժիկական եւ վազգենմանուկյանաարշակսադոյանական խորհրդարանական հանձնաժողովն ի վերջո ստիպված եղավ հայտարարել, որ ՀՀՇ-ականները կապ չունեն լափած մազութի գործի հետ: Սա է սրանց իրական մազութի գործը, որը մտցրել են իրենց խելոք կարծող տխմարների գլուխը եւ սրանք թութակի պես ամեն րոպե կրկնում են այդ սուտն ու կեղծիքը», — գրում է Երջանիկ Աբգարյանը:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի դատարանը հօգուտ Կոլումբիայի է վճռել երեք կղզիների շուրջ մղվող հարյուրամյա վեճը ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանական կոմիտեն 180 հոգու քաղբանտարկյալ է ճանաչել’