‘Օֆշորային սկանդալ. Արգենտինայի նախագահն իրեն անմեղ է հայտարարում’

1717

Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին խոստացել է ապացուցել իր անմեղությունը՝ այն բանից հետո, երբ երկրի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ կապված «պանամյան փաստաթղթերի» հրապարակման հետ: Հանդես գալով տեղական հեռուստատեսությամբ՝ Մակրին հայտարարել է, որ ոչ մի վատ բան չի արել և թաքցնելու ոչինչ չունի:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արգենտինայի նախագահը հիշատակվում է  աշխարհի տարբեր երկրներում օֆշորային ընկերություններ կազմակերպելու հարցում մասնագիտացած Mossack Fonseca  իրավաբանական ընկերության փաստաթղթերում՝ որպես Բագամյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերության տնօրեն: Մակրին պնդում է, որ մասնաբաժին չի ունեցել օֆշորային ընկերությունում և երբեք դրանից եկամուտներ չի ստացել, ուստի պարտավոր չէր հայտնել մի բանի մասին, ինչի հետ ինքը կապ չունի: Նրա խոսքով՝ ընկերությունն ստեղծել է իր հայրը՝ տնտեսության մեջ ներդրումներ անելու նպատակով:

«Պանամյան փաստաթղթերում», որոնք հրապարակել է Հետաքննող լրագրողների միջազգային միությունը, հիշատակվում են՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից մի քանիսը և այլք: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Սերժիկին հանդուրժելով՝ դառնում ենք նրա ավազակախմբի անդամ’
Հաջորդ հոդվածը‘«Պանամյան փաստաթղթերը» բացահայտել են Մոդիլյանիի կտավի գաղտնիքը’