‘ՖԱՖ. Բուլղարացիների կյանքը Երևանում դժոխքի կվերածվի’

924

Հոկտեմբերի 10-ին Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի և նրան ուղեկցող երկրպագուների՝ Երևան ժամանումից մինչև մեկնումը բուլղարացներին ամենակոշտ ընդունելությունն է սպասում: Այդ մասին ասվում է «Առաջին հայկական ճակատ» (Firts Armenian Front (FAF) երիտասարդական նախաձեռնող խմբի Facebook-ի էջում զետեղված հայտարարությունում: Հայաստան-Բուլղարիա հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում:

«Անցել է մոտ մեկ տարի Սոֆիայում կայացած Բուլղարիա-Հայաստան հանդիպումից: Այդ խաղում մեր հավաքականը կրեց իր առաջին պարտությունը ընտրական փուլում, և բոլորս էլ հիշում ենք բուլղար ֆուտբոլիստների սադրիչ ու կեղտոտ խաղը: Կարծես, հենց այդ խաղից սկսվեցին մեր հավաքականի անհաջողությունները: Ուղևորությունը Սոֆիա մրցաշրջանում առաջինն էր ՖԱՖ-ի համար: Բուլղարացի երկրպագուների ու առհասարակ բուլղար ազգի հանդեպ մեր տրամադրվածությունը շատ ջերմ ու ընկերական էր, սակայն դա տևեց մինչ խաղի նախօրեն, երբ «Վասիլ Լևսկի» մարզադաշտի հարևանությամբ եղավ հարձակում արտերկրից ժամանած ՖԱՖ-ի անդամների վրա, իսկ խաղի ամբողջ ընթացքում մեր ուղղությամբ նետվեցին տարբեր մետաղյա իրեր, եղան տգեղ վանկարկումներ: Խաղից հետո, երբ մեզ ուղեկցող ոստիկանները մահակներով հարձակում գործեցին մեր անդամների վրա, խոստացանք «Երևանում նրանց կյանքը դժոխքի վերածել», — ասվում է ՖԱՖ հայտարարությունում, որը բոլոր հայ երկրպագուներին կոչ է անում միանալ այդ ակցիային: 

Հայաստանի թիմը 9 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում ընտրախմբում: Իտալիայի հավաքականը հավաքել է 20 միավոր, Բուլղարիայինը` 13, Դանիայինը` 12, Չեխիայինը` 9, Մալթայի հավաքականը` 3 միավոր:

Նախորդ հոդվածը‘Մահացել է ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը’
Հաջորդ հոդվածը‘Պահանջում են Սերժ Սարգսյանին ներկա չլինել Հայաստան — Բուլղարիա խաղին’