‘ՖԱՖ. ՀՖՖ-ն խոչընդոտում է Հայաստան-Բելառուս խաղի տոմսեր ձեռք բերել’

1411

Մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպումը:

Ազգային հավաքականի «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան-շարժման տարածած հաղորդագրության համաձայն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան խոչընդոտում է առաջիկա խաղի տոմսեր ձեռք բերել: ՖԱՖ-ի հաղորդագրությունը ներկայացված է ստորև:

«Արդեն երկրորդ օրն է, ինչ ՀՖՖ-ն տարբեր միջոցներով խոչընդոտում է մեզ ՖԱՖ-ի սեկցիայի տոմսեր ձեռք բերելու խնդրում: Ինչպես հայտնի է, ՖԱՖ-ը նախորդ տարեվերջ, առաջ քաշելով պահանջներ, որոնց մեջ էր նաև տոմսերի գների էժանացման հարցը՝ հրաժարվեց ՀՖՖ-ի տրամադրած տոմսերի զեղչերից:

Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերը վաճառքի դուրս գալու պահից մինչ օրս ամբողջ մարզադաշտով մեկ եղել է ընդամենը մի քանի տասնյակ տոմսերի վաճառք (կարելի է ստուգել տոմսարկղում), իսկ հարավային տրիբունայում՝ ՖԱՖ-ի սեկցիայում, արհեստականորեն իրարից հեռու-հեռու վաճառքից «հանված են» մի քանի հարյուր տոմս:

Այսօր տոմսարկղի վաճառողուհին արդեն պատճառաբանեց` իբր խափանվել է բոլոր տրիբունաների տոմսերի վաճառքի էլեկտրոնային համակարգը և տոմս վաճառել հնարավոր չէ, կարճ ժամանակ անց սակայն նույն վաճառողուհին հայտարարեց, որ բոլոր տրիբունաների համար հնարավոր է տոմս գնել, բացի հարավային տրիբունայից:

Կոչ ենք անում Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին համախմբման, իսկ պատկան մարմիններին և ԶԼՄ-ներին՝ պահել հարցը ուշադրության կենտրոնում: Ավելի հանգամանալից ստեղծված իրավիճակի և հետագա գործողությունների վերաբերյալ կհաղորդենք մի փոքր ուշ»,-ասվում է հաղորդագրությունում:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստան կծել է մրցակցի պարանոցը ‘
Հաջորդ հոդվածը‘Էնրիկե. ««Բարսելոնայի» ամենալուրջ մրցակիցն «Ատլետիկոն» է»’