‘Ֆինանսների նախարար. Եթե իմ ասածն աբսուրդ է, ուրեմն` շատ լավ աբսուրդ է’

894

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ հոկտեմբերի 28-ի հայտարարությունը և հետարքրքվեց. «Վարչապետը ՀՆԱ-ի աճի տեմպի նվազման գլխավոր գործոն համարեց գազի  թանկացումն ու ներդրումների նվազումը: Որևէ ծրագիր մշակվե՞լ է այլընտրանքային աղբյուր ունենալու համար, թե՞ էլի զբաղված եք գազաֆիկացիայով, բայց չեք մտածում այլընտրանքային էնէրգետիկա ստեղծելու մասին»:

2014թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մի քանի հարցադրումներ ուղղեց հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին:

Հիշեցնելով, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՆԱ աճի տեմպի նվազումը բացատրել է գազի թանկացումով եւ ներդրումների նվազումով` Զուրաբյանը հարցրեց` կառավարությունը գազին  որեւէ այլընտրանք ունենալու համար որեւէ ծրագիր ունի՞, թե հույսը հեռանկարում դրել է գազաֆիկացիայի վրա:  Նա նաեւ հարցրեց` ներդրումների նվազումը որքանո՞վ է պայմանավորված Հայաստանում կոռուպցիոն ռիսկերի բարձր ցուցանիշներով:

«Բյուջեի եկամուտների ո՞ր մասն են կազմում գրանտերը, վարկային միջոցները: Չի երևում, թե վարկային միջոցները կոնկրետ ինչ ծրագրերի վրա են ծախսվում, և ես կուզեի ներկայացնեք պատկերը՝ վարկային միջոցների հաշվին կոնկրետ ի՞նչ ծրագրեր եք նախատեսում լուծել», — հարցրեց պատգամավորը:

Իր պատասխանում նախարար Սարգսյանը նշեց, թե ՀՆԱ աճին խոչընդոտում են, թվարկվածներից բացի՝ որոշ այլ գործոններ եւս.

« Առաջին՝ արտաքին գործոններն են, խոսքը հատկապես զարգացող երկրներին էր վերաբերում, հիմնականում մեր առևտրային գործընկեր Ռուսաստանին: Երկրորդ գործոնը գազի գնի թանկացումն է ու դրանով պայմանավորված՝ ընդհանուր առմամբ գների բարձրացումը: Ըստ նախնական գնահատականների՝ գազի գների բարձրացումը 0.8 տոկոսից մինչև 1 տոկոս դեպի նվազում ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա: Կա նաև երրորդ գործոնը՝ շինարարության ոլորտում տեղի ունեցող զարգացումներն են: Աժ-ին ներկայացվել է, որ մի շարք խոշոր ծրագրեր, որոնցից ամենախոշորը Հյուսիս-Հարավ ծրագիրն է, իր իրականացման արդյունքում ավելի դանդաղ է, քան պլանավորում էինք, որովհետև կառավարությունը նախապատվություն տվեց որակին, բայց  ավելի դանդաղ տեպմպերով ծրագրի իրականացմանը», — նշեց Սարգսյանը:

Ինչ վերաբերում է գազի այլընտրանքի խնդրին, ապա, ըստ Դավիթ Սարգսյանի,  կառավարությունը վերջին հինգ տարիներին էլեկտրաէներգետիկ հզորություններում մոդեռնիզացման աշխատանքներն է իրականացրել, որոնց արդյունքում` էլէկտրաէներգիայի արտադրության նպատակով գազի սպառումը կտրուկ նվազել է: «Եվ երկրորդ՝ հիդրոէներգետիկայի ոլորտում հետևողական քաղաքականության իրականացումն է: Այսօր արդեն իսկ գործարկված հզորությունները հարյուր մեգավատը անցնում են, և եթե համամետանեք այլ երկների հետ՝ կտենենք, որ բավական լավ ցուցանիշներ ենք ապահովում», — ասաց նախարարը:

Խոսելով ներդրումների մասին՝ Դավիթ Սարգսյանն ասաց, թե օտարերկյա ներդրումների նվազումը տարբեր պատճառներ, ունի, որոնք, սակայն, կապել  «կոռուպցիայի մակարդակի և այն բոլոր խնդիրների հետ, որոնք առկա են մեր երկրում, չի կարելի»: Նախարարի խոսքով, ՀՀ թողարկած եվրապարտատոմսերի իրացումը եւս օտարերկրյա ներդրում է, որը հայաստանյան միջավայրի մասին դրական վերաբերմունքի օրինակ է:

Արձագանքելով Դավիթ Սարգսյանին` Լևոն Զուրաբյանը նկատեց, որ եվրապարտատոմսերի իրացումը որպես ներդրողների վստահության ցուցանիշ ներկայացնելն աբսուրդ է:

«Պարտատոմս առնողը միջազգային դատարաններում հետո կկարողանա ստանալ իր ունեցածը, եթե Հայաստանը հրաժարվի վճարել այդ պարտատոմսերով: Խոսքը  բիզնեսի մասին է, որ պետք է բիզնես դնի, բայց հետո գնա մեր դատարանների ձեռքը ընկնի, ու կաշառք վերցնեն, ամեն ինչ էլ կանեն, որ բիզնեսը կործանվի: Ձեր պատասխանը անհեթեթ էր, թե իբր ներդրումների վստահելիություն կա», — նշեց պատգամավորը:

«Եթե իմ ասածը աբսուրդ է , ուրեմն շատ լավ աբսուրդ է»,- ի պատասխան՝ նշեց Դավիթ Սարգսյանը:

Նախորդ հոդվածը‘Զինվորների զանգվածային թունավորման փաստով նյութեր են նախապատրաստվում’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ի կանայք գործուղման համար կռիվ են անում. Մի հատ ձայնդ մի բարձրացրու ‘