‘Ֆինանսների փոխնախարարը ատկատներին դեռ երկար կյանք է կանխատեսում’

1083

Ատկատները կվերանան միայն այն դեպքում, երբ հաստատվի ծրագրային բյուջե, Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ ի՞նչ մեխանիզմներ են մշակված, որպեսզի գալիք տարվա բյուջեում ոչ նպատակային ծախսերը և «ատկատները» գոնե կրճատվեն, Պավել Սաֆարյանը նշեց, որ ատկատների վերացման ճանապարհը ծրագրային բյուջետավորումն է: «Երբ ամբողջապես անցում կլինի ծրագրային բյուջետավորմանը, կհստակեցվեն ծրագրերն իրենց որակական, քանակական չափաքանակով, այդ ժամանակ էլ ատկատները զգալիորեն կնվազեն: Ատկատների վերացումը կարող է կրճատվել կամ վերանալ ծրագրային բյուջետավորման միջոցով»,-ասաց փոխնախարարը՝ առանց նշելու, թե երբ դա տեղի կունենա:

Ներկայացնելով 2015-ի պետական բյուջեի նախագիծը՝ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2015 թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է ՀՆԱ-ի աճ 4.1%-ով:

Փոխնախարարի խոսքով, ՀՀ պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015-ի ավարտին կկազմի 4 միլիարդ 953 միլիոն դոլար, որի 83%-ը արտաքին պարտքն է: 2015 թվականին ակնկալվող 1 տրիլիոն 184 մլրդ դրամի եկամուտների 95%-ը կազմելու են հարկային եկամուտներն ու տուրքերը, շուրջ երկու տոկոսը դրամաշնորհներն են, այդ թվում՝ 20 մլն եվրո Եվրոպական հարևանության ծրագրի շրջանակներում:

«Դրամաշնորհներ շարունակելու ենք ստանալ. եվրոպական հարևանության շրջանակներում 20 միլիոն եվրոյի չափով դրամաշնորհ ենք ստանալու»,- նկատեց փոխնախարարը:

Ըստ Սաֆարյանի, բյուջեի գերակայություններն են սոցիալական պաշտպանությունը, կրթությունը, մշակույթը և առողջապահությունը,  պաշտպանության, ազգային անվտանգության ապահովումը, ինչպես նաև՝ ճանապարհային, ջրային տնտեսության, էներգետիկայի բնագավառում ծրագրերի իրականացումը:

Պավել Սաֆարյանը ևս մեկ ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ առաջին անգամ կրթության ոլորտին հասանելիք ծախսերը պլանավորվել են այն հաշվարկով, որ աշակերտների թիվն ավելացել է՝ ի տարբերություն նախորդ տարիների, երբ աշակերտների թիվը մշտապես պակասում էր: 

Ֆինանսների փոխնախարարից, ինչպես նաև՝ նրա ղեկավար, նախարար Գագիկ Խաչատրյանից փորձեցինք որոշ պարզաբանումներ ստանալ այս և մի շար այլ հարցերի վերաբերյալ, սակայն Խաչատրյանն ու Սաֆարյանը, դուրս գալով ԱԺ հանձնաժողովների նիստերի ետնամուտքից, հմուտ կերպով խուսափեցին լրագրողներից:  

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. « Երեք այսպիսի մրցանակ ստանալը մեծ պատիվ է ինձ համար» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Պաչաջյան. Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդը միահամուռ կերպով չփոխի իրավիճակը’