‘Լեւոն Պաչաջյան. Այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդը միահամուռ կերպով չփոխի իրավիճակը’

113501

iLur.am-ի զրուցակիցն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ, 2007 թվականին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Շվեդական «Ասուրիսկա» թիմի ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը

Լեւոն, ի տարբերություն շատ հայ մարզիկների, դու բավականին ակտիվ հետեւում ես Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. ի՞նչն է պատճառը, որ մեր մարզիկների զգալի մասը նախընտրում է տեսնել այս ամենն ու լռել: Չէ՞ որ խոսքն, ի վերջո, իրենց քաղաքականգաղափարական նախասիրությունների մասին չէ, այն մասին չէ, թե իրենք ում կընտրեին ընտրություններին, այլ սպանությունների, ծեծի, ապօրինությունների, թանկացումների, կոռուպցիայի եւ այլն, որոնք ոչ թե սովորական քաղաքական հարցեր են, այլ` բոլորիս առնչվող կենսական խնդիրներ

-Ես կարող եմ միայն գուշակություններ անել, թե ով` ինչ պատճառով իր կարծիքը չի հայտնում, այդ հարցը երևի իրենց ուղղեք: Բայց կարծում եմ` մարզիկների մեծամասնությունը նախնտրում է մնալ իր շրջանակներում։ Քանզի ինչ-ինչ բողոքի արտահայտումը կարող է իրենց կարիերայի վրա շատ վատ անդրադառնալ:

Եթե մի քանի բառով բնութագրելու լինեիր, ապա ինչպե՞ս կանվանեիր այսօրվա Հայաստանում տիրող իրավիճակը: Հատկապես ինչի՞ն չես կարող համակերպվել:

-Ինձ համար ամենացավոտ հարցը, թերևս, արդարության բացակայությունն է, օրենքի ոչ համաչափ կիրառումը։ «Օրենքի առաջ բոլորն են հավասար» դրույթը ընդհանրապես չի գործում մեր երկրում, դրանից բխող բոլոր վատ հետևանքներով:

Այս կամ այն մրցաշարերին մասնակցելով` մարզիկները ներկայացնում են իրենց երկիրն ավելի շատ, քան այդ երկրի բնակչության մեծ մասը: Արդյո՞ք մարզիկի վրա ազդեցություն կարող է գործել այն, որ այդ պահին իր երկրում ապօրինություններ են տեղի ունենում, ընտրություններ են կեղծվում, մարդիկ են բանտարկվում կամ սպանվում:

-Կարծում եմ` ներսում ինչքան էլ շատ խնդիրներ լինեն, մարզիկների վրա դա չպետք է անդրադառնա։ Նրանք պարտավոր են պատշաճ կերպով ներկայանալ միջազգային մրցումներին և բարձր պահել իրենց երկրի պատիվը:

Գազի, հոսանքի թանկացում, առաջին սպառման ապրանքների պարբերաբար թանկացում, տրանսպորտի հարց, կենսաթոշակների հարց, հղի կանանց նպաստների հարց, պատմական շենքերի քանդում, ընտրությունների կեղծում, քաղաքական ձերբակալություններ, չբացահայտված մարտի մեկ. տպավորություն է, թե էլ ոլորտ չկա, որտեղ իշխանություններն ապօրինություններ չանեն, իսկ երկիրն էլ, ի վերջո, առանձգական չէ, չէ՞, որ այս ամենին դիմանա: Մինչեւ ե՞րբ` այս ամեն ինչը:

-Այնքան ժամանակ` մինչև մեր ժողովուրդը միահամուռ կերպով չփոխի իրավիճակը։ Կարծում եմ, մեծամասնության չբողոքելու, չարտահայտվելու պատճառները գալիս են Սովետական Միությունից, դա հոգեբանական պահ է։ 70 տարի ճնշված ապրելն իր հետքը թողել է։ Բայց այսօրվա մեր երիտասարդությունը շատ ավելի ակտիվ է այդ հարցերում։ Եվ կարծում եմ` գնալով բոլորը կհասկանան, որ այդ մի կտոր հողը, որն այդքան տառապանքներով մեզ է հասել, ուղղակի իրավունք չունենք նման կերպ պահելու, քանզի այդպես շարունակելով` մենք դա եւս կկորցնենք, ինչպես որ մեր պատմության ընթացքում շատ է եղել:

Կարծիք կա, որ սպորտն էլ ինչոր առումով արտացոլում է այն վիճակը, որ տիրում է երկրում: Եթե Հայաստանն այսօր ժողովրդավարական, բարեկեցիկ երկիր լիներ` հնարավորինս զերծ կոռուպցիայից ու անիրավչությունից, արդյո՞ք մեր սպորտն է՛լ ավելի մեծ հաջողություններ չէր արձանագրի:

-Կարծում եմ, սպորտը ինչ-որ տեղ հաճելի բացառություն է։ Հենց թեկուզ ֆուտբոլը, որը վերջին տարիներին մեծ առաջնթաց է արձանագրել։ Բայց, իհարկե, եթե ամեն ինչ ավելի բարվոք լիներ, սպորտն էլ իր հերթին` ավելի մեծ հաջողություններ կգրանցեր։

Հետեւո՞ւմ ես Ազատության հրապարակում տեղի ունեցող իրադարձություններին: Հայաստանում նոր համաժողովրդական շարժում է ձեւավորվում, ի՞նչ ակնկալիքներ ունես նոր շարժումից, ի՞նչ փոփոխություններ ես ակնկալում առաջին հերթին:

-Այո, հնարավորության դեպքում հետևում եմ և կարծում եմ` այսօր դժվար թե գտնվի մի հայ, ով անտարբեր է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ակնկալիքներս կապված են ժողովրդի միասնության և իր իրավունքների համար պայքարելու հետ, քանզի միայն այդ կերպ է հնարավոր ինչ-որ բան փոխել դեպի լավը:

Քրիստինե Խանումյան 

Նախորդ հոդվածը‘Ֆինանսների փոխնախարարը ատկատներին դեռ երկար կյանք է կանխատեսում’
Հաջորդ հոդվածը‘Ռադիոհաղորդավար Ջոն Թորին ընտրվել է Տորոնտոյի քաղաքապետ’