‘Ֆիջին պետական դրոշի վրայից կհեռացնի բրիտանական խորհրդանշանը’

1066

Խաղաղօվկիանոսյան Ֆիջի պետությունը հոկտեմբերին նոր պետական դրոշ կունենա, երեքշաբթի հայտարարել է երկրի վարչապետ Ֆրենկ Բաինիմարաման:

Ֆիջիի ժողովրդին հասցեագրված իր ուղերձում  վարչապետը տեղեկացրել է, որ երկրում համազգային մրցույթ կանցկացվի, որին կարող են մասնակցել բոլոր բնակիչները, այդ թվում՝ դպրոցականները: Մրցույթի նախագծերը կարելի է ներկայացնել առաջիկա երկու ամիսների ընթացքում, այնուհետև ներկայացուցչական հանձնաժողովը կընտրի հաղթողին:

Նոր դրոշը նախատեսվում է պարզել հոկտեմբերի 10-ին, երբ երկիրը նշում է իր անկախության 45-ամյակը:

Ներկայումս Ֆիջիի դրոշը կապույտ կտորից է (որը խորհրդանշում է Խաղաղ օվկիանոսի ջրերը), որի վերին ձախ անկյունում, մասնավորապես, պատկերված է Մեծ Բրիտանիայի դրոշը: Ֆիջիի վարչապետն այսօրվա իր ուղերձում խոստովանել է, որ երկրի բնակիչները «սիրում են իրենց այժմյան դրոշը, որը նրան լավ է ծառայել անկախության շրջանում»: «Սակայն փոփոխությունների ժամանակն է: Պետք է ազգային խորհրդանշաններ ընտրել, որոնք կարտացոլեն ոչ թե Ֆիջիի անցյալը, այլ ներկան,- ասել է նա:- Բրիտանական դրոշը մեզ չի պատկանում, այլ՝ Մեծ Բրիտանիային՝ գաղութարարին: Մենք այդ երկրի հետ բարեկամներ ենք և այդպիսին էլ կմնանք, սակայն նրա խորհրդանշանները չեն համապատասխանում Ֆիջիի իրականությանը և պետք է հեռացվեն»:

2011 թ. Ֆիջիում շրջանառության մեջ մտավ նոր արժույթ, որի վրա ոչ թե Եղիսաբեթ II թագուհին է պատկերված, այլ տեղական ֆլորան ու ֆաունան: Մեկ տարի անց Ֆիջիի կառավարությունը հայտարարեց, որ թագուհու ծննդյան օրը հանում է իր ազգային տոնացույցից:

Ֆիջի պետությունը զբաղեցնում է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում գտնվող  ավելի քան 300 կղզիների տարածքը, որոնցից առնվազն 100-ն անմարդաբնակ են: Երկրի բնակչության թիվը կազմում է մոտավորապես 870 հազար մարդ: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանների կողմից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» «Շալկեի» հետ խաղում գրանցվեց 1:1 հաշիվը (տեսանյութ)’