‘Ֆրանսիայում մտածում են՝ ի՞նչ անել մարմնավաճառներին և նրանց հաճախորդներին’

997

Արգելե՞լ մարմնավաճառությունը, թե՞ սեքս-ինդուստրիան դուրս բերել ընդհատակից: Ֆրանսիայում նոր թափ է հավաքել այս բանավեճը՝ նոր օրինագծի քվեարկության նախաշեմին, որի համաձայն՝ նախատեսվում է, մասնավորապես, տուգանքով պատժել մարմնավաճառների հաճախորդներին. առաջին խախտման համար՝  1500 եվրո, կրկնակի խախտման համար՝ կրկնակի:

Օրինագծի քննարկումը մեկնարկել է ուրբաթ օրը Ֆրանսիայի ազգային ժողովում: Սպասվում է, որ փաստաթուղթը խորհրդարանի հավանությանը կարժանանա մոտ ժամանակներս: «Միություն՝ հանուն ժողովրդական շարժման» աջակենտրոն կուսակցության պատգամավոր Նիկոլ Ամերին կարծում է. « Եթե մենք ուզում ենք գործել, ապա ինչի՞ց սկսենք: Անկասկած՝ պետք է պայքարենք մարմնավաճառության կազմակերված ցանցերի դեմ, սակայն պետք է պատասխանատվության կանչվեն նաև նրանք, ովքեր օգտվում են այդ ծառայություններից: Կնոջ մարմինը գնելը մի՞թե նորմալ բան է»: Քննադատների կարծիքով՝ նոր օրենքի պատճառով մարմնավաճառությունը Ֆրանսիայում է՛լ ավելի խորը ընդհատակ կանցնի, իսկ քրեական այդ բիզնեսի շրջանառությունն ավելի կմեծանա: «Ես ստիպված կլինեմ այլ երկիր մեկնել»,- ասում է մարմնավաճառուհի Դալիլան: Հաճախորդ տղամարդը նույնպես օրենքի դեմ է. «Մարմնավաճառությունը անհրաժեշտ չարիք է,-ասում է նա:- Այն օգնում է լիցքաթափվել, այն կարող է կանխել բռնաբարությունները, սպանությունները, սեռական բնույթի հանցագործությունները, նույնիսկ՝ ամուսնալուծությունները: Բացի այդ՝ հասարակության մեջ շատ կան մարդիկ, որոնք առանց մարմնավաճառների՝ սեռական կյանք չունեն պարզապես, նրա՞նք ինչ անեն»:

Օրինագծում նախատեսվում է ֆինանսական օգնություն տրամադրել այն մարմնավաճառներին, ովքեր կուզենան փոխել իրենց մասնագիտությունը, և նրանց  Ֆրանսիայում ժամանակավոր կեցության իրավունք տալ:

Տարբեր հաշվարկներով՝ Ֆրանսիայում սեռական ծառայություններ են մատուցում 20-ից 40 հազար մարմնավաճառներ, դրանք հիմնականում եկվորներ են այլ երկրներից, փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն դեմ է մենաշնորհներին. Ղարաբաղում’
Հաջորդ հոդվածը‘Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կկարգավորվեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները ‘