‘Ֆրանսիան և Գերմանիան հրապարակել են Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ հետախուզական տվյալները’

891

Ֆրանսիական և գերմանական հետախուզությունները փաստեր են ներկայացրել, որ Դամասկոսում քիմիական գրոհի համար պատասխանատու են Սիրիայի պաշտոնական իշխանությունները: Միևնույն ժամանակ, ինչպես գրում է Del Spiegel ամսագիրը, գերմանական գերատեսչությունում հատարարել են, որ թեպետ զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հարցում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մեղավորության բազմաթիվ հանցանշաններ կան, այնուհանդերձ՝ սպառիչ ապացույցներ դեռևս բացակայում են: Գերմանիայի Հետախուզության դաշնային ծառայության (BND) ղեկավար Գերհարդ Շինդլերի խոսքերով՝ զարին թունավոր նյութով լիցքավորված արկեր արձակելու տեխնիկական հնարավորություն ունեին միայն կառավարական զորքերը: Իսկ որպես ապացույց այն բանի, որ Դամասկոսի արվարձաններում հենց զարին են կիրառել, նշվում են գերմանական հետախուզության կողմից բժիշկների գաղտնալսված հեռախոսազրույցները, որոնցում նրանք նկարագրում են տուժածների մոտ առկա ախտանշանները: BND-ն նաև նշում է  սիրիական կառավարությանն աջակցող «Հեզբոլլահի» բարձրաստիճան մի պաշտոնյայի գաղտնալսված հեռախոսազրույցը, որում վերջինս ասում է, թե Ասադը լուրջ սխալ թույլ տվեց՝ քիմիական զենք կիրառելով:

Ավելի վաղ Սիրիայի վերաբերյալ իր հետախուզական տվյալները հրապարակել էր նաև Ֆրանսիան: Ըստ Reuters-ի՝ գերատեսչությունը հայտնել էր, թե արբանյակային լուսանկարները վկայում են այն մասին, որ քիմիական գրոհը ձեռնարկվել է սիրիական իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքից: Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էյրոն հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է պատժել Ասադի վարչակազմին՝ քիմիական զենք կիրառելու համար, և կջանա, որպեսզի Սիրիայի դեմ ռազմական դաշինք ստեղծվի, քանի որ Դամասկոսի գործողությունները «չի կարելի անպատասխան թողնել»: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին հայտարարել էր, որ Գերմանիան կմասնակցի Սիրիայի դեմ գործողություններին միայն ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի կամ Եվրամիության մանդատի շրջանակներում, իսկ Մեծ Բրիտանիան հրաժարվել էր մասնակցել ռազմական գործողություններին, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սենսացիոն որոշում. «Փարքինգ սիթի սերվիսը» մեքենաները կտեղափոխի սեփական տուգանային հրապարակ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. ՀՀ-ն ամեն ինչ անելու է՝ ՌԴ հետ հարաբերությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու համար’