‘153 զոհ, միաժամանակ 6 պայթյուն, Ֆրանսիայի «սեպտեմբերի 11». Ահաբեկչություն Փարիզում’

2177

Ուրբաթ երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել Փարիզի 10-րդ շրջանում գտնվող ռեստորաններից մեկում, ինչի հետեւանքով մահացել է 11 մարդ, ինչպես նաեւ՝ Փարիզի 11-րդ շրջանում գտնվող «Բատակլան» թատրոնում: Ոստիկանությունը նշել էր, որ անհայտ անձինք պատանդ են վերցրել մարդկանց: Բացի այդ, պայթյուն է որոտացել նաեւ Փարիզի Սեն Դընի արվարձանում գտնվող «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի մոտ գտնվող բարում: Հաղորդվում է, որ բարում երեք նռնակ է պայթել: Ուրբաթ օրը «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայացել է ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը, որին ներկա են գտնվել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, ինչպես նաեւ նրա գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Օլանդը պայթյուններից հետո շտապ հեռացվել է միջոցառման վայրից:

Մարզադաշտից էվակուացվող ֆրանսիացիները երգում են Ֆրանսիայի օրհներգը

Այսօր առավոտյան հաղորդվել է, որ Փարիզում որոտացած պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 153-ի, նրանցից 112-ը սպանվել են ֆրանսիական հատուկջոկատայինների կողմից ազատագրված «Բատակլան» թատրոնում: Փարիզի քաղաքային դատախազ Ֆրանսուա Մոլենսը հաղորդել է, որ երեկ միաժամանակ 6 վայրում են պայթյուններ որոտացել: Այժմ ամբողջ Ֆրանսիայի տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել, սահմանվել է  սահմանային վերահսկողության ռեժիմ, անվտանգության ապահովման համար մոբիլիզացվել են 1.5 հազար զինվորականներ:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն արդեն իսկ ստանձնել է տեղի ունեցածի պատասխանատվությունը: «Դա վենդետա էր Սիրիայի համար: Դա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն էր»,- խմբավորման հայտարարությունն են մեջբերում միջազգային ԶԼՄ-ները:

Նյութը պատրաստվել է Reuters, Associated Press, France 24, ВВС, Sky Tg24 լրատվականների հաղորդումների հիման վրա: 

 

Նախորդ հոդվածը‘Կայացել է ATP Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը’
Հաջորդ հոդվածը‘Շախմատի Եվրոպայի առաջնություն. Մեկնարկը հաղթական էր’