‘155 դպրոցի տնօրենը հերքում է «Դժվար ապրուստ» սերիալի թեմայով շարադրություն հանձնարարելու լուրը’

3921

«Բացառվում է, որ մեր դպրոցում շարադրություններ հանձնարարվեն «Դժվար ապրուստ» սերիալի թեմաներով: Խնդրում եմ մտեք մեր կայքը նայեք, ծանոթացեք միջոցառումների բովանդակությանը:  Տեսեք, թե կարծիք կկազմե՞ք, որ այդպիսի միջոցառումներ անող դպրոցը նման շարադրություններ կհայտարարի»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Դանիելյանը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Տոնոյանն իր էջում գրել էր, որ մի քանի օր առաջ դպրոցներից մեկում շարադրություն են հանձնարարել աշակերտներին, թեման՝ «Դժվար ապրուստ» Հ/Ս-ի դրական և բացասական կերպարների վերլուծություն, իսկ հետո մանրամասնել էր, որ խոսքը գնում է թիվ 155 դպրոցի մասին:

«Ես չգիտեմ, թե ով է այդ Լուսինե Տոնոյանը, ես փորձում եմ հիմա դիմել ոստիկանություն, գտնել նրան, որպեսզի վերջինս այդ հերյուրանքի համար պատասխան տա: Անհարմար է, ոնց կարելի է»,- արձագանքեց տնօրենը:

Նրա խոսքով՝ ինքը զրուցել է ուսուցիչների հետ, իսկ ներկա պահին մանկավարժական խորհրդի նիստ է, վաղն էլ կա, որին կարող են մասնակցել նաև ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

«Ոչ մի ուսուցիչ չի անի նման բան, ես չգիտեմ ինչու են այն կարծիքի, որ մանկավարժները կարող են թույլ տալ ուսումնական գործընթացը թողնել և զբաղվեն նման գործընթացով: Կասեմ ավելին՝ ամբողջ դպրոցը համալրված է տեսախցիկներով: Կա 15 օրվա պահպանված տեսաձայնանկարահանում, եկեք բացեք, տեսեք ու համոզվեք, որ հերյուրանք է»,- եզրափակեց տնօրեն Լուսինե Դանիելյանը:

Նախորդ հոդվածը‘Իրանում 5 մարդ հրապատակավ կախաղան են բարձրացվել’
Հաջորդ հոդվածը‘Անկախ խուզարկու. Ուիթնի Հյուստոնին սպանել է մաֆիան’