‘2 երեխաների մահվանից ամիսներ անց ռուսական հրաձգարանում ոչինչ չի փոխվել’

973

Այս տարվա ապրիլի 7-ին Շիրակի մարզի Հովունի, Վահրամաբերդ և Մարմաշեն գյուղերի միջև գտնվող «Կամխուտ» ռազմական հրաձգարանում վահրամաբերդցի 2 երեխա զոհվեցին` չպայթած թռչող նռնակների վրայից դյուրալյումինե մասերը քանդելու միջոցին: Այս երեխաները մեկի հովիվ հոր հետ գյուղի ոչխարի հոտն էին արածացնում հրաձգարանի տարածքում, և աղբյուրից ջուր խմելու պատրվակով, հեռացել էին ալյումի թափոն հավաքելու, որպեսզի մետաղի ջարդոնը հանձնեին մի քանի դրամի համար:

Դեպքից հետո բավական մեծ աղմուկ ելավ ու քննադատություն հնչեց զինվորականների հասցեին, որ Ռուսաստանի Դաշնությանը անհատույց վարձակալման տրամադրված այս հրաձգարանը որևէ կերպ պատնեշված չէ երեք կողմերից, փակ է միայն Մարմաշեն գյուղի կողմից, իսկ մյուս կողմերից մարդիկ և անասունը անարգել ելումուտ են անում արդեն մի քանի տասնյակ տարի: ՌԴ զինվորականությունն ու ՀՀ պաշտպանության նախարարը պնդեցին, թե խրամներ կան փորված և երեխաներն են խախտել այս սահմանային պատնեշները: Սակայն հենց դեպքի օրը այնտեղ առանց որևէ տեխնիկական դժվարության դեպքի վայր էին հասել ոչ միայն ՈՒԱԶ-ներ ու ջիպեր, այլ ավելի փոքր մարդատար մեքենաներ` հաղթահարելով ռելիեֆի թեթև անհարթությունները, ոչ մի պարիսպ, ոչ մի փշալար, ոչ մի արհեստական պատնեշ չկար: Իսկ հրաձգարանի տարածքում լուսանկարել էի պայթած ու չպայթած մեծ թվով զինամթերք:

Asparez.am-ի թղթակիցը, ստուգելու համար, թե անցած չորսուկես ամսում որևէ բան փոխվե՞լ է այստեղ և արդյո՞ք երեխաները, հովիվները, թափառական ընտանի կենդանիները կարող են առաջվա պես անարգել անցնել հրաձգարանի տարածք, թե՞ արդեն իսկապես պատնեշել ու պարսպապատել են տարածքը, օգոստոսի 21-ին նորից այցելեցի հրաձգարան, այցելել է:

«Պարզվեց՝ վիճակը նույնն է, այն տարբերությամբ, որ անձրևների հետևանքով որոշ առվակները պարբերաբար փոփոխում են իրենց հունը և այնտեղ, որտեղ մեքենայով առաջ անցանելի էր, հիմա անանցանելի է, իսկ, որտեղ առաջ էր անանցանելի, հիմա է անցանելի: Ոչ մի պարիսպ, ոչ մի փշալար, ոչ մի խրամ, ոչ մի այլ պատնեշ հնարավոր չէ տեսնել հրաձգարանի արևմտյան սահմաններին, այն մասերում, որտեղից անցել էին երեխաները` հովվի ու հոտի հետ, հիմա էլ հնարավոր է ազատորեն ելումուտ անել հրաձգարանի տարածք, բացառությամբ այն օրերի, երբ հրաձգային վարժանքներ կան այնտեղ: Այդ օրերին, ըստ գյուղացիների, մի քանի ռուսաստանցի զինվոր են պահակության նշանակում Վահրամաբերդ գյուղի հողերի և հրաձգարանի տարածքի սահմանագծին: Մի քանի գյուղացու հետ զրույցից պարզվեց, որ հիմա էլ գյուղի նախիրն ու հոտը շարունակում են արածեցնել հրաձգարանի տարածքում:

Ստացվում է, որ եղած դժբախտությունից հետո, ոչ մերոնց, ոչ ՌԴ զինվորականության դարդը չէ տարածքը պատնեշելը պատահական կամ դիտավորյալ այլցելուներից: Մնում է սպասել հաջորդ դժբախտ դեպքերին, սակայն վստահաբար կարող ենք ասել, որ այս անգամ էլ զոհերը հազիվ թե համապատասխան պաշտոնյաների զավակները կամ հարազատները լինեն»: 

Լեւոն Բարսեղյան

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն հայ ռազմագերու հարցով դիմել է Ադրբեջանի հոգեւոր առաջնորդին’
Հաջորդ հոդվածը‘Նախնական տվյալներով՝ փոխքաղաքապետի վարորդը ծեծի է ենթարկել ցուցարար ակտիվիստին’