’20 համարի երթուղու վարորդները փակել էին Գյումրի-Երևան ճանապարհը (տեսանյութ)’

981

Գյումրիում այսօր բողոքի ցույց են անցկացրել 20 համարի երթուղու վարորդները: Այս մասին հաղորդում է Galatv.am կայքը։ Խնդիրն այն է, որ որոշ ժամանակ առաջ, Գյումրու քաղաքապետի որոշմամբ՝ կասեցվել էր 20 համարի երթուղու աշխատանքը:

Քաղաքապետարանից «Գալայի» լրագրողին փոխանցել էին, որ  քաղաքապետը գործել է համաձայն կառավարության 2001թվականի օգոստոսի 16-ի 762 որոշման, հայտնաբերվել է պահանջներին անհամապատասխանություն, մի քանի կոպիտ խախտումներ, ինչի արդյունքում կասեցվել է երթուղու գործունեությունը:

Այսօր առավոտյան ճանապարհային ոստիկաններն այցելել են Գարեգին Նժդեհի հրապարակ և հավաքված վարորդներին տեղեկացրել, որ իրենց գործունեությունն անօրինական է, և որ գիծ դուրս եկող ցանկացած միկրոավտոբուս կտեղափոխվի տուգանային հրապարակ, և ցանկացածի նկատմամբ կկազմվի մինչև 50 հազար դրամի ակտ:

Վարորդների փոխանցմամբ՝ երկու մեքենա արդեն տեղափոխվել է տուգանային հրապարակ ճանապարհային ոստիկանների կողմից:  Սա առաջացրել է վարորդների զայրույթը: Վերջիններս որոշել են գնալ կտրուկ քայլերի: Փակել են Նժդեհի հրապարակից քաղաքի տարբեր հատվածներ տանող բոլոր ճանապարհները՝ Գյումրի-Երևան, Գյումրի-Ախուրյան և հարակից տարբեր փողոցների ճանապարհահատվածներ:

Նշենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ 20 համարի երթուղին պատկանում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:

Մանրամասները՝ այստեղ։

Նախորդ հոդվածը‘«Ոստիկանական ֆինանսական բուրգի գործը» դատարանում է’
Հաջորդ հոդվածը‘«Տոտենհեմը» պլանավորում է նոր մարզադաշտ կառուցել’