‘2013-ին իշխանությունների 13 հիմնական ձախողումները` ըստ Արամ Մանուկյանի’

1227

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր լրագորղների հետ հանդիպմանը ներկայացրեց անցնող տարվա ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներքին և արտաքին քաղաքական ու տնտեսական 13 ձախողումները։

Ներքաղաքական ձախողումների շարքում պատգամավորն առանձնացրեց երկուսը` կեղծված նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրությունները:

Տնտեսական ձախողումների թվում նա նշեց տեսանկարահանող եւ արագաչափ սարքերն ու «կարմիր գծերով» վճարովի կայանատեղիները, որոնց հասույթը գնում է իշխանությունների հովանավորությունը վայելող մասնավոր ընկերությունների գրպանը: 

Հաջորդ ձախողումն, ըստ Արամ Մանուկյանի,  նույնպես մասնավորի գրպանը գնացող կուտակային կենսաթոշակային համակարգն է։ «Սրանք բոլորն էլ քաղաքացիներից գումար կլպելու որոշումներ են եղել, ոչ մեկի արդյունքում աշխատատեղ չի ստեղծվել, արժեք չի ստեղծվել»,-ասաց նա։

Տնտեսական ձախողումների շարքում պատգամավորը նշեց նաեւ օտարերկրյա ներդրումների կտրուկ կրճատումը: Նրա խոսքով, ուղիղ ներդրումների նվազումը 60 տոկոսով պայմանավորված է նրանով, որ ներդրումային միջավայրը պաշտպանված չէ, «փայ մտնողներն ավելի շատ են, քան արդյունք ստացողները»։

Տնտեսական մյուս սկանդալը, ըստ Կոնգրեսի խմբակցության քարտուղարի, Իրանի հետ «գազային սկանդալն է», երբ հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյաները Իրանի դեսպանին հակասող հայտարարություններ էին անում Իրանից սպառման համար գազի հնարավոր առաքման գնի վերաբերյալ: «Իրանը մեր վստահելի գործընկերներից է, և այսպիսի վերաբերմունք ուղղակի չէր կարելի դրսևորել»,- նկատեղց Արամ Մանուկյանը:

Տնտեսական բլոկի «թոփ» ձախողումը, սակայն, ըստ Արամ Մանուկյանի, ռուսական գազի գինն է եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում Հայաստանին պատկանող 20% բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմին»։

«Դա ամենամեծ սկանդալն է, ամենաանարժանապատիվ, նվաստացնող գործընթացը։ Այսպիսի գործարք, նվաստացում, խեղճացնող՝ հայ ժողովուրդը չի ունեցել, անգամ ծանր ժամանակներում։ Սա լուրջ քրեական գործ է, եւ այս հարցում պետք է լինել հետևողական»,- ասաց նա։ Ընդ որում, պատգամավորը նշեց, որ դեկտեմբերի 23-ին` համաձայնագրերի վավերացման վերաբերյալ քվեարկությունից առաջ, ոչ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, ոչ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չեն հրապարակել համաձայնագրերին կից 22 արձանագրությունները:

Հաջորդ սկանդալը, ըստ պատգամավորի,  Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված «օֆշորային պատմությունն էր», որի համար վարչապետը «պետք է առնվազն հինգ անգամ հրաժարական տար»։ 

Արամ Մանուկյանի խոսքով՝ հաջորդը Հայ ազգային կոնգրեսի բացահայտումն էր երկրում տիրող համատարած եւ համակարգված կոռուպցիայի մասով:

Անդրադառնալով արտաքին քաղաքական ձախողումներին՝ պատգամավորը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին «խայտառակ կերպով կտրուկ շրջադարձ կատարեց», ինչը շոկի մեջ գցեց ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև միջազգային հանրությանը։ «Այդ քայլով Սերժ Սարգսյանը բոլորին ցույց տվեց, որ անվստահելի գործընկեր է», — նշեց Արամ Մանուկյանը: 

Ձախողումների շարքը լրացրին, ըստ պատգամավորի, հայ ռուսական նվաստացուցիչ հարաբերությունները: «Այսօր հայ-ռուսական հարաբերությունները ամենավատն են, եւ սա այս իշխանությունների «թույլիկության», ոչ արժանապատիվ լինելու և ոչ լեգիտիմ լինելու արդյունքն է: Մոսկվան այժմ պատժում է Սերժ Սարգսյանին իր այդ վարքագծի համար», — նշեց նա։

Ըստ պատգամավորի՝ ոչ պակաս ցավալի ձախողում է հայոց լեզվի նկատմամբ նույն իշխանությունների վերաբերմունքը։

«12 անհաջողությունների համագումարում ամենավատ արդյունքը արտագաղթն էր, իմ հաշվարկներով՝ գնացած-չեկածների թիվն այս տարի կկազմի 150 հազար մարդ: Հոկտեմբերին 240 հազար հոգի էր գնացել, ես կարծում եմ, որ արտագնա աշխատանքի գնացած 100 հազարը կվերադառնան, բայց թիվը կկազմի 150 հազար», — նշեց Արամ Մանուկյանը:

Դա, նրա խոսքով, ամենամեծ թիվն է հայ ժողովրդի` խաղաղ պայմաններում ապրած տարիներին։

Նախորդ հոդվածը‘Գվինեական հաղթանակ՝ կոկորդիլոսի չալաղաջով’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. Ամեն օր չես լսի, որ ՈՒԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի անունդ’