‘2013 թվականին Հայաստանի բանկերում ավանդներն ավելացել են 33%-ով’

765

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 1.612 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 33%-ով, իսկ միայն IV եռամսյակում` 5%-ով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, 2013 թվականի վերջին բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների բաժինը կազմել է 480.1 մլրդ դրամ կամ 29,8%, տարեկան կտրվածքով ավելանալով 31%-ով, իսկ IV եռամսյակում` 14,6%-ով: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70,2% կամ 1.132 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 33,9%-ով, իսկ IV եռամսյակում` 10,1%-ով:

Աղբյուրի համաձայն, բանկերում ավանդների ընդհանուր ծավալի կառուցվածքում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 28,7% կամ 463.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 76,7%-ով, իսկ IV եռամսյակում` 29,1%-ով: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 71,3% կամ 1.149 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 21%-ով, իսկ միայն IV եռամսյակում` 5,6%-ով:

Ռեզինդենտներից ներգրավված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 30% կամ 342 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներին` 70% կամ 806.8 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում ավելացել են 11%-ով, IV եռամսյակում ավելանալով 1,8%-ով: Իսկ ժամկետային ավանդների դինամիկան հետևյալն է. մեկ տարում` 25,7 %-ով, եռամսյակի ընթացքում` 7,3%-ով:

ՀՀ ԿԲ տվյալներով, նախորդ տարվա դեկտեմբերին դրամային ավանդների գծով տոկոսադրույքները կազմել են 10,42%, տարեկան կտրվածքով բարձրանալով 0,36 տ.կ., իսկ մեկ եռամսյակում` 0,28 տ.կ. (31.12.13. դրությամբ դոլարի հաշվարկային փոխարժեքը` 405,12 դր./դոլար):

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ է տալիս պարզել ողջ ճշմարտությունը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’