‘2013 թ. բնակարանների գները աճել են 6.2%-ով’

924

Չնայած արտագաղթի տեմպերին և շինարարության ոլորտի անկմանը՝ Հայաստանում բնակարանների ու առանձնատների գները վերջերս սկսել են աճել: Սա երևում է Կադաստրի պետական կոմիտեի՝ օրերս հրապարակած տվյալներից:

Այսպես, Երևան քաղաքում 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների՝ 1 քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են: Հայաստանի մյուս քաղաքներում ևս բնակարանների գներն աճել են, բայց ավելի քիչ չափով` 4.9%-ով:

Անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երևան քաղաքում 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2012թ. նույն հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել են 4.5%-ով: Հանրապետության մյուս քաղաքներում անհատական բնակելի տների շինության 1 քմ մակերեսի շուկայական միջին գները նույն ժամանակահատվածում աճել են 3.7%-ով:

Աճել են նաև բնակարանների ու տների նկատմամբ իրականացված գործարքների թվերը: Այսպես, 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված օտարման գործարքների քանակն աճել է 5.4%-ով՝ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Առանձին վերցրած Երևան քաղաքում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 6.3%-ով:

Նշենք, որ նախորդ տարի՝ 2012-ին, 2011-ի համեմատ նման աճ չի գրանցվել: Բնակարանների գները գրեթե նույնն են մնացել, իսկ օտարման՝ առուվաճառքի գործարքների քանակը նվազել է: Երևանում այդ նվազումը եղել է 7.6% կամ 14 հազար 252 միավոր, իսկ մարզերում՝ 12.1% կամ 15 հազար 285 միավոր: Այսինքն՝ թեև 2012 թվականը տնտեսական աճի առումով առավել բարեհաջող տարի էր, երբ արձանագրվեց 7.2% տնտեսական աճ, սակայն անբարենպաստ էր անշարժ գույքի շուկայի համար: Եվ հակառակը՝ այս տարի նկատվեց բավականին ցածր տնտեսական ակտիվություն, սակայն անշարժ գույքի շուկայում աշխուժություն է նկատվում:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Բացատրությունը, այնուամենայնիվ, իշխանության օրինակարգության ու որակի մեջ է’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը այսօր երթ կանցկացնի’