’25-ամյա «վունդերկինդը» Վարչական դատարանի դատավորի թեկնածու է’

4580

Վարչական դատարանի միակ թափուր տեղի հավակնորդը, պարզվում ,է մի աննախադեպ երիտասարդ է (ծնվել է 1989 թ.), որը միաժամանակ սովորել է երկու տարբեր ֆակուլտետներում, ընդ որում՝ մեկ Երևանում, մեկ՝ Իջևանում, ապա նույն մասնագիտությունների մագիստրատուրայում, և զուգահեռ աշխատել որպես իրավաբան և Տավուշի մարզի դատարանի աշխատակազմի ղեկավար, այդ ամենին զուգահեռ էլ պաշտպանել թեկնածուական:

1in.am-ի փոխանցմամբ` Արդարադատության խորհուրդը դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում քննություններ էր անցկացնում քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացումների համապատասխան թեկնածուներ ընտրելու համար: Գրավոր և բանավոր քննությունից հետո Արդարադատության խորհուրդն ամփոփել է արդյունքները և ըստ այդմ՝ ընտրել համապատասխան մասնագիտացման բաժնի թափուր տեղերի թվաքանակին հավասար թվաքանակի առավելագույն ձայներ ստացած հավակնորդներին: 
Այդ հավակնորդներն, ըստ այդմ, կընդգրկվեն դատավորների թեկնածուների ցուցակում, ապա կգնան նորաբաց Արդարադատության ակադեմիա, 7 ամիս սովորելուց և 3 ամիս էլ փորձաշրջան անցնելուց հետո կնշանակվեն դատավոր:
Հավակնորդներից՝ Վարչական դատարանի միակ թափուր տեղի հավակնորդը՝ շատ երիտասարդ է: Գրիգոր Առաքելյանը ծնվել է 1989 թվականին, Իջևանում: Նա ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ռեկտոր Սամվել Առաքելյանի որդին է, բացի դա, պարզվում է՝ նա վունդերկինդ է՝ հրաշամանուկ: Հակառակ դեպքում նույնիսկ գերբնական ջանքերի արդյունքում հնարավոր չէ 25 տարեկանում դատավոր դառնալ: 
Գրիգոր Առաքելյանի «հրաշամանուկ» լինելու փաստը ակնհայտ է դառնում նաև նրա կենսագրությունից: Նա 2005-2009թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (Իջևանի մասնաճյուղում), որից հետո 2009-2011թթ. սովորել ու ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010-2013թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ առ այսօր հանդիսանում է տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության ամբիոնի հայցորդ: Իսկ որ ամենաուշագրավն է, նա Արդարադատության խորհրդի քննություններից առաջ, շատ արագ, այս տարվա նոյեմբեր ամսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն:
«Հրաշամանուկը», սակայն, միայն սովորելով չի սահմանափակվել, նա մի քանի տարբեր համալսարաններում և մասնագիտություններով ուսանելուն զուգահեռ՝ 2008-2009 թվականներին աշխատել է «Կարդինալ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ում որպես իրավաբան, իսկ 2009-2011 թվականներին աշխատել է Վարչական դատարանում՝ որպես դատավորի օգնական: Ապա դրանից հետո՝ 2011-2012 թվականներին, երբ սովորում էր տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետների մագիստրատուրաներում, աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար: 2012թ. նոյեմբերից մինչ օրս աշխատում է որպես Վերաքննիչ քաղաքացիական դատարանի աշխատակազմի ղեկավար: Տղան այս ընթացքում չի հասցրել միայն ամուսնանալ: 
Եթե մեկը կարողանա ասել, թե ինչպես է հնարավոր միաժամանակ սովորել երկու տարբեր ֆակուլտետներում, ընդ որում՝ մեկ Երևանում, մեկ՝ Իջևանում, ապա նույն մասնագիտությունների մագիստրատուրայում, և զուգահեռ աշխատել որպես իրավաբան և Տավուշի մարզի դատարանի աշխատակազմի ղեկավար, այդ ամենին զուգահեռ էլ պաշտպանել թեկնածուական, ապա իսկապես կարող ենք արձանագրել, որ գործ ունենք աննախադեպ մարդու հետ: 
Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր արտահերթ զեկույցում անդրադարձ էր կատարել նաև Արդարադատության խորհրդի կիրառած երկակի ստանդարտներին և կոռուպցիոն երեւույթներին: 

Նյութի աղբյուրը http://www.1in.am/arm/armenia_right_242834.html

Նախորդ հոդվածը‘ «Սաքուլիկենց» ենթարկված ոստիկաններին Վովա Գասպարյանը նկատողություն է հայտարարել’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակը» մերժել է Մովսիսյանին վաճառելու՝ անգլիական և գերմանական ակումբների առաջարկները ‘