‘
Հունվարի 17-ի առավոտյան Ալժիրի բնական գազի հանքերից մեկում իսլամիստների կողմից գերեվարված մասնագետներից 30-ին հաջողվել է փախուտի դիմել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ըստ France-Presse-ի հաղորդած տեղեկատվության՝ գերությունից փրկվել է 15 արտասահմանցի, այդ թվում՝ ֆրանսիացի ամուսնական մի զույգ, սակայն այս լուրն առայժմ պաշտոնապես հաստատված չէ:
Դեռ հայտնի չէ, թե պատանդներին ինչպես է հաջողվել ճողոպրել գրոհայիններից: Ամենայն հավանականությամբ՝ իսլամիստները պարզապես ազատել են բոլոր ալժիրցիներին, քանի որ հարձակման հիմնական թիրախը արտասահմանցիներն են եղել:
Հանքի աշխատակիցներին գերության մեջ պահող իսլամիստների խոսքերով՝ իրենց վերահսկողության տակ առնվազն 41 արտասահմանցի կա, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի քաղաքացիներ:
France 24 լրատվամիջոցի խմբագրություն զանգահարած պատանդներից մեկը հաղորդել է, որ իսլամիստները արտասահմանցիներից ոմանց մահապարտի գոտի են հագցրել:
‘