‘350 մտավորականներ բարձրացնում են Գանձասարի պարսպապատման հարցը. ինչո՞ւ հիմա’

1927

Հունիսի 21-ին 350 մտավորականների, արվեստի գործիչների, ՀԿ-ների ղեկավարների ստագրությամբ հրապարակվեց բաց նամակ՝ ուղղված Սերժ Սարգսյանին, Բակո Սահակյանին և կաթողիկոս Գարեգին Բ-ին:

Բաց նամակով նրանք բարձրացրել էին  2011 թվականի ամռանը ռուսաստանաբնակ  Լևոն Հայրապետյանի կողմից ձեռնարկված՝  Գանձասարի վանական համալիրի պարիսպների սալիկապատման աշխատանքների հարցը: Նամակին միացածները հորդորել էին անհապաղ միջոցներ ձեռնարկել` օրենքով սահմանված կարգով կտրականապես արգելել համալիրի պարսպի երեսպատումը՝ սահմանելով վերահսկողություն և պատասխանատվություն` այն չշարունակելու համար:

iLur.am-ը նամակը ստորագրողներից հետաքրքրվել է, թե արդյոք ուշացած չէր նման բաց նամակով հանդես գալն այն դեպքում, երբ սալիկապատման աշխատանքները Գանձասարում տարվում են դեռ 2011 թվականից:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ նամակն իրեն ներկայացրել են մոտ վեց ամիս առաջ: Սամվել Կարապետյանի խոսքով՝ իրեն դիմել են Վազգեն Մանուկյանի Հանրային խորհրդից և առաջարկել են ստորագրել, բայց նաև կարծիք հայտնեց, թե բաց նամակը որևէ արդյունք չի տա:

«Նախաձեռնողներին պարզապես չեմ ուզել հիասթափեցնել, բայց ինքս չեմ հավատացել, հիմա էլ չեմ հավատում որևէ արդյունքի»,- նկատեց հուշարձանագետը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նման առաջարկով իրեն դիմել են մոտ 2 ամիս առաջ, իսկ թե հստակ ով՝ չկարողացավ մտաբերել:

ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ ասաց, որ նամակին միանալու առաջարկով իրեն «դիմել է Հանրային խորհրդի մշակույթի բաժնի ենթահանձնաժողովի փոխնախագահ Ժասմենը»: Նրա փոխանցմամբ՝ ինքը ստարոգրել է բաց նամակը մոտ երկու ամիս առաջ, սակայն հույս չունի, որ նախաձեռնությունը որևէ արդյունք կտա: «Ստորագրել եմ ի նշան բողոքի, ուրիշ բան, որ բողոքը լսող չկա»,- ասաց Սաշուր Քալաշյանը:

Քանի որ մեր զրուցակիցներից երկուսը նշեցին, որ իրենց դիմել են Հանրային խորհրդից, iLur.am-ը դիմեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին, ով ասաց, թե ստորագրահավաքն իրենք չեն կազմակերպել, բայց «մեզ մոտ ենթահանձնաժողով կա, որը շատ լրջորեն է դրանով զբաղվում, միգուցե իրենք են սկսել»:

Հանրային խորհրդի պատմական ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանն իր հերթին հավաստիացրեց,  թե ստորագրահավաքի կազմակերպիչ համարվում են բոլորը: «Բոլորը համարվում են կազմակերպիչը: Հատուկ ինչ-որ մեկը որ զբաղվի, ինչ-որ մեկը, որ դրա գլխին կանգնած լինի՝ դա էդպես չի, բայց ես պատրաստ եմ դա անելու: Ոչ մեկը չի կազմակերպել: Մարդիկ՝ մասնագետները, մտավորականությունը, հավաքվում են, պայմանավորվում են ինչ-որ հարցերի շուրջ՝ հուշարձանի պահպանություն կլինի, եկեղեցու պահպանություն կլինի: Գանձասարը եզակի նմուշ է, եզակի հուշարձան է, եզակի եկեղեցիներից մեկն է հայկական ճարտարապետության մեջ: Բոլոր տեսակետներից դա եզակի երևույթ է մեր հոգևոր ճարտարապետության դաշտում»,- ասաց նա:

Իսկ մեր դիտարկմանը, թե նամակն ստորագրածներից երկուսն ասել են, որ իրենց դիմել են Հանրային խորհրդից, Ասրյանը պատասխանեց. «Մենք չենք դիմել, մենք առաջարկել ենք: Մենք ոչ մեկի չենք դիմել: Ես Հանրային խորհրդի պատմական ազգային արժեքների պահպանության ենթահանձնաժողովի նախագահն եմ, դրա համար Հանրային խորհրդի անունն են տվել, բայց Հանրային խորհուրդը այդ նամակի հետ ոչ մի կապ չունի: Հանրային խորհուրդը բոլորովին կապ չունի»:

Մեր հարցին, թե ինչու հիմա, երբ այդ խնդրի մասին վաղուց խոսվում է, Ժասմեն Ասրյանը պատասխանեց, թե «գալիս է ի վերջո մի պահ, երբ արդեն էլ ելք չկա» և հավելեց, թե, ըստ երևույթին՝ մինչ հիմա բոլորն սպասել են, թե, ի վերջո, սալիկապատում կատարողը կհասկանա, որ չի կարելի դա շարունակել, և իր կամքով կդադարեցնի շինարարությունը, սակայն տեղի է ունեցել հակառակը: «Եթե շարունակվում է, մասնագետները ո՞նց կարող են լռել: Դա այնպիսի եզակի քանադակներ ունի, որ ոչ մի տեղ գոյություն չունի»,- նշեց Ասրյանը:

iLur.am-ն առաջիկայում կփորձի պարզել, թե բաց նամակին ինչպես են արձագանքելու նամակի հասցեատերերը:

Նախորդ հոդվածը‘Կենտրոն համայնքն ընտրություններից հետո (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Դավթաշենում ծառեր են հատում (տեսանյութ)’