’69 ծառայողական ավտոմեքենայի փոխարեն կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի անօթևան ընտանիքների համար. Մամուլ’

1288

Այսօրվա մամուլը անդրադարձ է կատարում ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմանը, համաձայն որի 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։

Այս կապակցությամբ «Հրապարակը» գրում է. «Տարեվերջին ցնցոտիավոր այս հայրենիքում կատարելով նման՝ 850 հազար դոլարի գնում, հայրենի խորհրդարանը ու նրա նախագահը փորձում են թարմացնել Աժ նախագահի երկու տեղակալների և տքնաջան աշխատանքով տուն-տեղ պահող-փող աշխատող 12 մշտական հանձնաժողովների նախագահների ավտոմեքենաները, որոնք ընդամենը 2007 թվին էին գնվել։ Աժ-ում ձեռն ի սիրտ բացականչում են. «Հե՜յ գիտի Թորոսյան, Նիկոյան, գնացին, իրենցից հետո մեծ խնայողություններ թողնելով, հիմա մինչև վերջին կոպեկը տարվա ավարտին մսխվել է»։

Իսկ 2007-ի ավտոմեքենաներն ի՞նչ են անելու՝ հարցրինք Աժ աշխատակազմի մեր աղբյուրին։ «Տալու են հանձնաժողովների նախագահների տեղակալներին»։ Բա տեղակալների՞ ավտոմեքենաներն ինչ են անելու։ «Հիմնականում դուրս են գրելու»»,–գրում է թերթը։

Գալուստ Սահակյանի «պադավատը»: © Գ.Շամշյան

«ՀԺ»-ի անդրադարձը.

«ՀՀ կառավարության դեկտեմբերի 5-ի որոշմամբ 789 մլն դրամ է հատկացվել՝ 24 պետական մարմինների համար ընդհանուր առմամբ 69 ծառայողական ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Այդ գումարը համարժեք է շուրջ 2 մլն ԱՄՆ դոլարի։
Նշված գումարով, նույնիսկ կոպիտ հաշվարկներով կարելի էր 207 բնակարան ձեռք բերել Գյումրիի՝ երկրաշարժից տուժած անօթևան ընտանիքների համար։ Կառավարությանը, սակայն, առավել հետաքրքրում է իր հարմարավետությունը։ Ձեռք բերվող մեքենաներն էլ հիմնականում «Տոյոտա» մակնիշի են»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ինչ է լինում, երբ ամեն մի կազյոլ դառնում է պատգամավոր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է մառախլապատ, կայուն ցուրտ եղանակ’