ԿԸՀ-ն բավարարել է Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը

576

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։ Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու։

Այդ մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ուղղակի դիտավորությամբ նախապատրաստել է ծանր հանցագործություն՝ ընտրություններին մասնակցելու և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար նույն համայնքի Քարահունջ բնակավայրի երկու կամ ավելի ընտրողի կաշառք տալը, սակայն նրա կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի որոշ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև այլ կախվածությունն օգտագործելով ընտրողներին կուսակցությունների հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:

Ըստ այդմ՝ քրեական գործով ձեռք են բերվել բավարար ապացույցներ վերոնկարագրյալ արարքների կատարման համար Առուշ Առուշանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդում հարուցելու համար:

Նախորդ հոդվածըLufthansa ավիաընկերությունը մուտք է գործում հայկական շուկա
Հաջորդ հոդվածը«Թալիբանը» հայտարարել է Պակիստանի սահմանին առանցքային անցակետ գրավելու մասին