Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեևին՝ երկրի արևելքում միջադեպի կապակցությամբ, որտեղ, գերատեսչության հավաստմամբ, «ռուսաստանյան արտադրության հրթիռ» է ընկել։
Համապատասխան հայտարարությունը Լեհաստանի ԱԳՆ-ն հրապարակել է իր պաշտոնական կայքում։
Լեհական ZET ռադիոն, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրների, հաղորդել է, որ երեքշաբթի օրը երկու հրթիռ է ընկել Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանամերձ Պշեվոդուվ գյուղում։ Փրկարարների տվյալներով՝ զոհվել է երկու մարդ։
Լեհաստանի իշխանությունները շտապ բանակցություններ են սկսել երկրի ներսում և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։ Ինչպես երեքշաբթի երեկոյան տեղեկացրել է Բրյուսելում դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը, չորեքշաբթի ՆԱՏՕ-ն դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստ կանցկացնի Լեհաստանում միջադեպի կապակցությամբ։
Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ ուկրաինա-լեհական սահմանի մերձակայքում ռուսաստանյան հարվածային միջոցներով ոչ մի հարված չի հասցվել։
Փոխանցում է tass.ru-ն։